.jpg)
Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ-ի ներկայացուցիչներին
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ներկայացուցիչներ Վազգեն Յակուբյանին, Հովիկ Յորդեկյանին, ովքեր նախարարին ներկայացրեցին ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Արփի Վարդանյանին: Այս մասին հայտնել է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ սփյուռքի նախարարը ողջունեց Արփի Վարդանյանին՝ տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ տեղյակ է, և բարձր է գնահատում նրա՝ մինչ այժմ ծավալած գործունեությունը:
Նախարարը հավելեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ստեղծման օրվանից արդյունավետ կերպով գործակցել է ՀԲԸՄ-ի հետ:
Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված անելիքները, ինչպես նաև՝ առաջիկա համագործակցության ծրագրերը: