Նախագահի թեկնածուների դասավորությունը` ըստ Ադիբեկյանի
10/11/2012 16:35

Նախագահի թեկնածուների դասավորությունը` ըստ Ադիբեկյանի

2013-ի նախագահական ընտրությունների քարոզարշավին մասնակցող հնարավոր թեկնածուներից ներկայում ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի գործող նախագահ  Սերժ Սարգսյանը: Այս մասին ասուլիսի ժամանակ  ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով իր կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքները:

Այսպես` ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Ս. Սարգսյանին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը. «Եթե նա առաջադրվի, երրորդ տեղում կլինի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում կհաջորդի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասաց սոցիոլոգը` ներկայացնելով, որ հաջորդիվ կլինի ՀՅԴ ներկայացուցիչը` կապված  նրանից, թե ում կառաջադրի կուսակցությունը`  Վահան Հովհաննիսյանին  կամ Արմեն Ռոստամյանին: Նա կարծում է, որ եթե Գ. Ծառուկյանը չառաջադրվի, իրավիճակը կարող է փոփոխվել:

«Եթե Ծառուկյանը չառաջադրվի,  երկրորդ կամ երրորդ տեղում կարող է հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ վերջինիս դիրքերն ավելի լավ են, քան Տեր-Պետրոսյանինը», - պարզաբանեց սոցիոլոգը:

Սոցիոլոգը տեղեկացրեց, որ բավական ընկել են Տիգրան Կարապետյանի, Պարույր Հայրիկյանի, Արամ Կարապետյանի վարկանիշները, և նրանց պետք չէ դիտարկել որպես նախագահական ընտրությունների լուրջ թեկնածու: Նրա խոսքով՝ եթե ՀՅԴ-ի ձայները չպառակտվեն, այդ քաղաքական ուժի թեկնածուն կարող է հավաքել մինչև յոթ տոկոս ձայն:

Անդրադառնալով ապագա քարոզարշավի ծրագրային կետերին` սոցիոլոգը նկատեց, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ առաջնորդը չի խոսում երկրի զարգացման առաջընթացի համար կարևոր թեմաների` արտաքին քաղաքականության, հայ-թուրքական արձանագրությունների, ղարաբաղյան կարգավորման մասին, այլ ավելի շատ խոսում է սոցիալ -տնտեսական խնդիրներից՝ իր խոսքն ուղղելով հասարակ ժողովրդին. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «Տարվա մարդ» կոչումը շնորհելը չի բարձրացնի նրա վարկանիշը: Ծառուկյանը հիմա ավելի պասիվ է, խորհրդարանական ընտրություններին նա հանդիպում էր ուսանողների, ակադեմիկոսների հետ, իսկ հիմա ուղղակի պասիվացել է»: 

Նախագահի թեկնածուների դասավորությունը` ըստ Ադիբեկյանի