.jpg)
«Ասադը ինքնավարություն տվեց քրդերին՝ նրանց չեզոքությունը դիմաց»
«Սիրիայի քրդերը մինչ այս պահը պահպանում էին չեզոքություն, սակայն հիմա քրդերը սկսել են մասնակցել սիրիական հակամարտթյանը՝ զենքի միջոցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սիրիական ճգնաժամին և թուրք-սիրիական հարաբերություններին` ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
«Բաշար Ասադը հակամարտության սկզբից ի վեր ճիշտ քաղաքականություն վարեց քրդերի նկատմամբ, նա քրդերին տրամադրեց քաղաքացիություն և որոշակի ինքնավարություն, ինչը թույլ տվեց պահպանել նրանց չեզոքությունը սիրիական ճգնաժամի ընթացքում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Ըստ նրա` սիրիական ընդդիմությունը որոշակի պարտավորություններ ունի Թուրքիայի առջև՝ նրանք զենք, ֆինանսական միջոցներ և այլ տեսակի օգնություն են ստանում Թուրքիայի կողմից:
Թուրքագետը նշեց, որ վերջին շրջանում սիրիական ընդդիմությունը փորձել է գրավել Հալեպի մոտ գտնվող Աշրաֆիա բարձունքը, որի շուրջ բնակվում են քրդերը: Ըստ բանախոսի` քրդերը զինված դիմադրություն են ցուցադրել սիրիական ընդդիմությանը:
«Եթե քրդերը միանան կառավարական ուժերին և սկսեն պայքարել ընդդիմադիր ջոկատների դեմ, ապա Սիրիայում ուժերի բալանսը կխախտվի՝ հօգուտ Ասադին հավատարիմ ուժերի»,- նշեց նա:
Բանախոսն ասաց, որ քրդական հարցը Թուրքիայում լուրջ ներքին լարվածություն է առաջացնում. Թուրքիան փորձում է ինչ-որ լուծում տալ քրդական խնդրին և նույնիսկ անցնել թուրք-սիրիական սահմանը՝ քրդերի դեմ պայքարելու համար: