.jpg)
«Լավագույն կանաչապատ համայնք»` Երևան, «Մաքուր համայնք»` Գավառ
Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և «Հայաստանի համայքնների միության» կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք 2012» մրցանակաբաշխության արարողությունը:
Մրցանակաբաշխությունն անցկացվեց հինգ անվանակարգերով. տարվա «Լավագույն գյուղական համայնք» ընտրվեց Արևշատ համայնքը, «Քաղաքային համայնք»՝ Ագարակ քաղաքը, «Մաքուր համայնք»` Գավառ քաղաքը:
Մայրաքաղաք Երևանը ճանաչվել է «Լավագույն կանաչապատ համայնք», իսկ «Մշակութային լավագույն քաղաքային համայնք» կոչմանն արժանացել է Ալավերդին:
Ողջույնի խոսքում Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կարևորեց արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությունը` տեղական ինքակառավարման մարմինների աշխատանքների որակի բարձրացման հարցում:
Մրցանակաբաշխությունը, նախարարի խոսքերով, հնարավորություն է տալիս նաև ամփոփել համայքների ղեկավարության տարեկան գործունեությունը, մատնանշել բացթողումներն ու ձեռքբերումները: Այդ տեսանկյունից նա կարևորեց նաև ավանդական դարձած Գյուղական համայնքների ֆորումները` Ջերմուկում:
«Հենց ՏԻՄ արդյունավետ աշխատանքի շնորհիվ է, որ արդեն չորրորդ անգամ կառավարությունը պահուստային ֆոնդից տասական միլիարդ դրամ է հատկացնում մարզերում խնդիրների լուծման համար»,- ասաց Ա. Գևորգյանը:
Շարունակելով իր խոսքը` ՏԿ նախարարը նշեց, որ ՀՀ կառավարությունը դրական է տրամադրված համայնքների դերակատարությունը բարձրացնելուն. կառավարությունը մտադիր է 2013-ից երեք մլրդ յոթ հարյուր մլն-ով ավելացնել ՏԻՄ-երին հատկացվող գումարը: