Որքա՞ն է տրամադրվում շաքարախտի բուժմանը` մնաց մութ
10/11/2012 16:14

Որքա՞ն է տրամադրվում շաքարախտի բուժմանը` մնաց մութ

Տեղամասային պոլիկլինիկաների էնդոկրինոլոգիական կաբինետներում շաքարախտի այցելությունը, հետազոտությունը, դեղորայքի ստացումը անվճար է, իսկ ստացիոնար բուժումը` վճարովի է,- լրագրողներին հայտնեց Հայաստանի շաքարախտի ասոցիացիայի նախագահ, էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը:

Շաքարախտի բուժումը անվճար է միայն որոշակի սոցիալական խմբերի մարդկանց համար: Հայրապետյանը թվարկեց պետպատվերի շրջանակներում ստացիոնար բուժում ստացողների խմբերը` անաշխատունակության կարգ ունեցողները, Արցախի պատերազմի մասնակիցները, զոհվածների ընտանիքները, զինծառայողների ծնողները, զինծառայողները, նաև կոմատոզ վիճակում գտնվող հիվանդները` մինչև կոմայից դուրս գալը:

Էնդոկրինոլոգը վստահեցրեց, թե` Հայաստանում վերջին տարիների համեմատ շաքարախտի դեղորայքի առումով վիճակը ավելի լավ է, հիվանդները ապահովված են և դեղորայքով, և ինսուլինով:

Ոլորտին տրվող պետական հատկացումների վերաբերյալ հարցին Հայրապետյանը չպատասխանեց, մեկնաբանելով, որ ինքը Հայաստանի գլխավոր էնդոկրինոլոգը չէ և խորհուրդ տվեց այդ հարցով դիմել առողջապահության նախարարություն:

Ըստ Էլզա Հայրապետյանի, երկրորդ տիպի շաքարախտ դիտվում է 50 տարեկանից հետո, սակայն վերջին տարիներին այս հիվանդացության երիտասարդացում է նկատվում, հանդիպում է անգամ մանկական տարքիում` ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Էնդոկրինոլոգը խոսեց նաև շաքարախտի ախտանիշներից` ծարավ, նիհարել, շատ ջրի օգտագործում, չլավացող վերքեր և այլն:

Ասենք, որ թերևս չարժե սրանք կամ որոշը սրանցից ունենալու դեպքում նախատրամադրվել:  

Որքա՞ն է տրամադրվում շաքարախտի բուժմանը` մնաց մութ