.jpg)
«Մենք պահանջում ենք համեստ աշխատատեղեր մեր երիտասարդների համար»
Եզդի երիտասարդների 90 տոկոսը 20 տարեկանում արդեն բռնում է պանդխտության դուռը: Խոսելով եզդի երիտասարդության խնդիրների մասին` նման մտահոգություն հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահի տեղակալ Օմար Մամոյանը:
«Այո, պանդխտություն է դա, որովհետև Հայաստանում մեզ զգում ենք մեր հարազատների գրկում, ու երբ 1915-ին ջարդերից փախել-եկել ենք Հայաստան, մենք մեր փրկության դուռը գտել ենք հայ ժողովրդի մեջ»,- նշեց Օ. Մամոյանը:
Ամենատարբեր ոլորտներում, նրա խոսքերով, եզդի ժողովուրդն ունի շատ շնորհալի երիտասարդներ, սակայն շատ քչերն են կարողանում իրենց տեղն ու դերը գտնել կյանքում, ուստի Մամոյանը խնդրեց եզդի երիտասարդներին ապահովել «համեստ աշխատանքով»:
«Մենք չենք պահանջում նախարարի պաշտոն կամ այնպիսի ոլորտներ, որ անհասանելի լինեն: Մենք պահանջում ենք համեստ աշխատատեղեր մեր երիտասարդների համար, որ նրանք զբաղմունք ունենան և իրենց նիստ ու կացն ապահովեն: Մենք պահանջում ենք այն, ինչ մինիմալ հասնում է մեզ»,- պարզաբանեց Օ. Մամոյանը:
Հարցին, թե եթե եզդի երիտասարդը կրթված ու լավ մասնագետ է, ի՞նչն է խանգարում նրան աշխատանք գտնել, Օ. Մամոյանը ընդգծեց՝ լավ կլինի, որ մի փոքր ավելի մեղմ վերաբերվեն եզդիներին` հատկապես որևէ ոլորտում աշխատանքի կամ բուհ ընդունելիս: