.jpg)
2013 թ.-ի հունվարի 1-ից` նոր հեռուստաալիք
«Միր» միջպետական հեռուստառադիոընկերության 20-ամյա հոբելյանի առթիվ այսօր կազմակերպած ասուլիսի ժամանակ հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը տեղեկացրեց, որ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը 2013 թվականի հունվարի 1-ից սկսելու է նոր` «Միր 24» շուրջօրյա տեղեկատվական հեռուստաալիքի հեռարձակումը. նախատեսվում է արբանյակային հեռարձակում և նոր ձևաչափով լարտվական ալիք:
Մ. Սարգսյանը հաղորդեց նաև, որ «Միր 24» հեռուստաալիքի նախագիծը հաստատվել էր սեպտեմբերի 28-ին Յալթայում կայացած ԱՊՀ անդամ երկրների կառավարություննների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ և նոր հեռուստաալիքի գաղափարը ծագել է նախկին ԽՍՀՄ տարածքում ռուսերեն լեզվի նկատմամբ մեծ հետաքրքրությունից: «Նման ալիքի ստեղծման անհրաժեշտություն վաղուց կար»,- ասաց Մերուժան Սարգսյանը:
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ ըստ նոր ալիքի ձևաչափի, յուրաքանչյուր կես ժամ կհեռարձակվի նորությունների 5 րոպեանոց թողարկումը, իսկ 3 ժամը մեկ` 25 րոպեանոց թողարկումները կհեռարձակվեն մեկնաբանություններով:
Այսօր հեռուսատռադիոընկերության 20-ամյա հոբելյանի առթիվ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց հեռուստառադիոընկերության գործունեությունը ներկայացնող լուսանկարներ: Հոբելյանի կապակցությամբ հեռուստաընկերությանը ուղերձով շնորհավորեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի անունից խրախուսական շնորհակալագրեր տրվեցին հեռուստառադիոընկերության աշխատակիցներ Էմին Ավագյանին, Նարինե Գասպարյանին, Արմեն Օսիպյանցին: