Խորհրդարանն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը
12/11/2012 19:42

Խորհրդարանն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը

Այսօր Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նստաշրջանի և ընթացիկ քառօրյա նիստերի օրակարգերը, որոնք հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված հարցերը: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից:

Այնուհետև խորհրդարանը շարունակեց քննարկել նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով՝ հանձնաժողովի անդամ Գարեգին Նուշիկյանը կոչ արեց կողմ քվեարկել օրինագծերի փաթեթին: 

Քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետներ հայտնեցին ԱԺ պատգամավորները: Ըստ Հրանտ Բագրատյանի՝ Հայաստանում չկա զբոսաշրջության աճ: Պատգամավորը ոլորտի կարգավորման առումով կարևորեց ազգային ավիափոխադրողի մոնոպոլիայի վերացումը: Կարեն Ճշմարիտյանի կարծիքով՝ օրինագծերի ընդունումը կնպաստի Հայաստանում զարգացնելու հյուրանոցային տնտեսությունը: Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի նպատակը շքեղության խրախուսումն է և տարածումը: Ըստ պատգամավորի՝ մինչդեռ այդ շքեղության համար կարող են վճարել սակավաթիվ մարդիկ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, նշեց, որ կառավարությունը պատրաստ է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կազմակերպել շահագրգիռ քննարկումներ: 

Այնուհետև ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը երկրորդ ընթերցման ընթացակարգով պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրինագիծը:

«Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Պատգամավորի կարծիքով՝ կոռուպցիան և ստվերային տնտեսությունը վերացնելու պարագայում հնարավոր կլինի քառապատիկ ավելացնել նվազագույն աշխատավարձը: Խմբակցության ղեկավարը նշեց, որ դեմ են քվեարկելու օրինագծին: 
Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կարիք չկա ընտրությունների նախաշեմին քաղաքական ամբիոնը դարձնել շահարկման առարկա: «ՀՀ հասարակությունը, ժողովրդի մեծամասնությունը յուրաքանչյուր ընտրությունից ընտրություն ապացուցել է, որ իր խնդիրների լուծումը կապում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Եզրափակիչ ելույթ ունեցավ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և պարզաբանումներ տվեց ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ: Ըստ նրա՝ այսօր հնարավոր չէ շեշտակի բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ նշվեց, որ առաջարկներ չեն եղել: 
«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության օրինագիծը կից փաթեթով ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրելյանը, նշելով, որ ստացվել է 1 առաջարկ, որն ընդունվել է:

Խորհրդարանն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը