.jpg)
Անդրեյ Կլիմովը հանդիպեց ԱԺ պատգամավորների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀԿ խմբակցությունից Վոլոդյա Բադալյանը, Ռազմիկ Զոհրաբյանը և ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանն ու Մերուժան Սիմոնյանը այսօր հանդիպեցին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի անդամ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության արտաքին կապերի ղեկավար Անդրեյ Կլիմովի հետ: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի փոխնախագահը կուսակցությունների միջև երկխոսությունն ու համագործակցությունը բնորոշեց որպես լավ նախադրյալ երկու երկրների միջև հարաբերություններն ավելի ամրապնդելու, քաղաքական ու տնտեսական մակարդակներում նոր արդյունքների հասնելու համար: Ինչպես նշեց Հերմինե Նաղդալյանը, Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր՝ հավալելով, որ փոխըմբռնումն ու փոխզիջումը պետք է առաջնորդեն երկու երկրներին բոլոր հարաբերություններում, հատկապես՝ միջազգային կառույցներում: Որպես Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ՝ նա անդարդարձավ կառույցի առաջիկա անելիքներին, մասնավորապես առաջիկայում նախատեսվող նիստի օրակարգային հարցերին: Բանախոսն արդյունավետ համարեց ինչպես այդ, այնպես էլ անվտանգության հարցում երկու երկրների փոխգործակցության մակարդակը:
Անդրեյ Կլիմովի խոսքերով՝ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունն ու երկխոսությունը, նաև՝ վերջինիս գործընկերային դիրքորոշումները միջազգային տարբեր կառույցներում ու հարթակներում: Խոսելով Եվրասիական միությունից ու տնտեսական համագործակցությունից՝ «Միացյալ Ռուսաստան»-ի ներկայացուցիչը տեղեկացրեց Բրյուսելում այս հարցին նվիրված քննարկումներ նախատեսելու մասին՝ հավելելով, որ Ռուսաստանն առաջնորդվելու է ոչ միայն սեփական շահերով, այլ նաև պաշտպանելու է իր ռազմավարական գործընկերների հետաքրքրությունները:
Երկու կուսակցությունների հետ «Միացյալ Ռուսաստան»-ի համագործակցությունը բարձր գնահատեցին Տիգրան Ուրիխանյանը և Արտակ Զաքարյանը: Վերջինս կուսակցությունների մակարդակով շփումները համարեց ամենակայունը, նաեւ ընդգծեց միմյանց շահերը համաձայնեցված պաշտպանելու և վերջերս հաջողությամբ իրականացվող խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցելու կարևորությունը: Հանձնաժողովի նախագահը հյուրի ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանային համագործակցության վրա՝ ակնկալելով, որ այստեղ առկա նուրբ խնդիրները ևս կարժանանան աջակցության:
Անդրեյ Կլիմովն իր արձագանքում հաստատեց Ռուսաստանի մեծ հետաքրքրությունն այս տարածաշրջանում:
Տիգրան Ուրիխանյանը, միջկուսակցական շփումները կարևոր նախաձեռնություն համարելով, ջանքերը շարունակելու և համագործակցության նոր հարթակներ ձևավորելու պատրաստակամություն հայտնեց: