.jpg)
ԱԺ-ում քննարկվեց «Եկամտային հարկի մասին» օրենքի նախագիծը
Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Եկամտային հարկի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որի վերաբերյալ ևս առաջարկներ չէին եղել: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից:
Այնուհետև խորհրդարանը ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն սկսեց քննարկել «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2013 թվականին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, տնտեսության դիվերսիֆիկացման խորացմանն ու արտահանելի ծավալի մեծացմանը, իրականացվող տնտեսական քաղաքականության սոցիալական ուղղվածության, ինչպես նաև՝ մակրոտնտեսական կայունության պահպանմանը: Կառավարության ուշադրության կենտրոնում են շարունակելու մնալ հանրապետության տարածքային ամբողջականության և տարածաշրջանային կայունությունն ու ուժերի հավասարակշռության պահպանման գերակայությունները:
Պետական բյուջեի եկամուտները 2013 թվականի համար ծրագրվել է 1 տրիլիոն 31 մլրդ դրամ, ինչը ընթացիկ տարվա եկամուտներից ավելի է 13,2 տոկոսով: Պետական բյուջեի եկամուտների կազմում մեծ տեղ են գրավում հարկային եկամուտները և պետական տուրքերը՝ 96,25 տոկոս: Պաշտոնական դրամաշնորհները կկազմեն 1,6 տոկոս, իսկ այլ եկամուտնմերը՝ 2,16 տոկոս:
Ծախսերը 2013-ին նախատեսված է 1 տրիլիոն 151 մլրդ 400 մլն դրամի չափով: Ընթացիկ ծախսերը կկազմեն 83,1 տոկոսը, 16, 9 տոկոսը բաժին կհասնի կապիտալ ծախսերին: 2012 թվականի համեմատ՝ հաջորդ տարվա ծախսային մասն ավելի է 107,2 մլրդ դրամով: Շուրջ 42 տոկոս կազմում են սոցիալական ոլորտի ծախսերը, պաշտպանության և հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության ոլորտի ծախսերը կազմում են 21 տոկոս: 14 տոկոս բաժին է հասել տնտեսության ճյուղերին, 4,5 տոկոս կուղղվի պետական պարտքի սպասարկմանը, համայնքներին ուղղված դոտացիաները կկազմեն 3,1 տոկոս:
2013 թվականի բյուջեի նախագծում հաշվի են առնվել ՀՀ Ազգային ժողովի ընդունած նվազագույն աշխատավարձի և եկամտահարկի փոփոխության վերաբերյալ օրինագծերով նախատեսվող ֆինանսական ավելացումները:
Ֆինանսների նախարարը ներկայացրեց նաեւ տարբեր ոլորտներում նախատեսված ֆինանսական հատկացումները: Ըստ այդմ՝ կրթության ոլորտի ծախսերի իրականացման համար կհատկացվի 108 մլրդ դրամ, որի հիմնական մասը կուղղվի հանրակրթությանը՝ շուրջ 67 մլրդ դրամ: Բարձրագույն կրթության գծով ծախսերի իրականացման համար նախատեսվել է 7 մլրդ 817 մլն դրամ, ինչն այս տարվա ծախսերից ավելի է 1,2 տոկոսով: 754 մլն դրամ նախատեսվել է տարրական դասարանների աշակերտներին գրքերով ապահովելու համար:
Գիտության ոլորտի ծախսերի համար նախատեսված է հատկացնել 11,2 մլրդ դրամ: Առողջապահության ոլորտին կհատկացվի 70 մլրդ դրամ: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերն իրկանացնելու համար նախատեսված է հատկացնել 303 մլրդ դրամ, ինչը 4,1 մլրդ դրամով պակաս է ընթացիկ տարվա ֆինանսական ծավալից: Նվազումը պայմանավորված է աղետի գոտում բնակարանաշինական ծրագրի ավարտով:
2013 թվականին նախատեսված է շարունակել պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսված է հատկացնել 19,5 մլրդ դրամ: Եկող տարի այս ծրագրից օգտվողների թիվը կավելանա 31 հազարով, այս տարվա 120 հազարի փոխարեն: Ծրագրում կընդգրկվեն նաև հիմնարկների և կազմակերպությունների տեխնիկական աշխատողները:
Կրոն և մշակույթ ծախսային հոդվածների իրականացման համար կտրամադրվի 18 մլրդ դրամ: Այստեղ ծախսերը 4,7 մլրդ-ով նվազել են՝ ի հաշիվ 2 ծրագրերի ավարտման:
Պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերի համար նախատեսված է հատկացնել 62,5 մլրդ դրամ, 2012 թվականին այս նպատակով հատկացվել է 58 մլրդ դրամ: Արտաքին գործունեության ոլորտի ծախսերի համար նածխատեսված է հատկացնել 7,6 մլրդ դրամ. այս ոլորտում ֆինանսական հատկացումներն ավելացվել են 911 մլն դրամով, ինչը պայմանավորված է 3 երկրներում դեսպանատների բացմամբ:
156 մլրդ դրամի չափով ներդրումներ կլինեն արդյունաբերության ոլորտում:
Պետական պարտքի սպասարկման համար կհատկացվի 52,5 մլրդ դրամ:
Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ բյուջեի դեֆիցիտը կազմում է 119 մլրդ 800 մլն դրամ. ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ներքին և արտաքին աղբյուրներից: