.jpg)
ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացում. Ի՞նչ է դա Հայաստանի համար
Այսօր ԵՄ խորհրդատվական խումբը Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացրեց սեմինար քննարկում «ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացում Հայաստանի համար» թեմայով: Այս մասին տեղեկացնում են ԵՄ խորհրդատվական խմբրից:
Սեմինարի նպատակն էր տեղեկացնել լրատվական միջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիական հասարակության ընտրված կազմակերպություններին Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի ստորագրման արդյունքում ակնկալվող օգուտների մասին:
2012 թ. հոկտեմբերի 18-ին ԵՄ-ն և Հայաստանը նախաստորագրեցին մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը Բրյուսելում: Այս համաձայնագիրն ընդհանուր առմամբ ենթադրում է ընթացակարգերի դյուրացում կոնկրետ երկրների քաղաքացիների համար` առանց փոփոխելու մուտքի արտոնագրերի տրամադրման պայմանները (այսինքն` մուտքի արտոնագրի համար դիմորդը շարունակում է ապահովել տվյալ երկիր մուտք գործելու պայմանները):
«ԵՄ-ն և Հայաստանն արձանագրել են էական առաջընթաց Մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ այս առաջընթացը կապահովի մուտքի արտոնագրերի մատչելիություն և անկասկած կբարելավի համագործակցությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան` նշելով նաև համաձայնագրի արդյունավետ իրականացման նշանակության մասին:
ՀՀ արտաքին գործերի նախարարության ԵՄ-ի բաժնի պետ պրն Մհեր Մարգարյանը ընդգծեց մուտքի արտոնագրի դյուրացման կարևորությունը ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստում` նշելով, որ այն ճանապարհ կհարթի ժողովուրդների միջև շփումների ակտիվացման համար: Նա նաև նշեց, պայմանագրի հաջող իրականացմանը կհաջորդի Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ազատականացման վերաբերյալ երկխոսությունը:
ԵՄ-ի և Հայաստանի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի արդյունքում կպարզեցվեն մուտքի արտոնագրի համար դիմելու կապակցությամբ հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակությունը: