.jpg)
Այս տարի մատակարարված ջրի դիմաց հասույթը կազմել է 5 մլրդ 285 մլն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի ավարտի հետ կապված և ընթացիկ այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿՆ լրատվական բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբч խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը, Արարատի և Արմավիրի մարզպետները, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Արարատյան դաշտավայրի ՋՕԸ-երի ղեկավարներ, այլ պատասխանատուներ:
Ըստ հաղորդագրության, մասնավորապես անդրադարձ է եղել մատակարարված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների գանձման ընթացքին: Տեղեկացվել է, որ այս տարի մատակարարված ջրի դիմաց հասույթը կազմել է 5 մլրդ 285 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ 800 մլն դրամով ավելի: Նոյեմբերի 11-ի դրությամբ գանձվել է 3 մլրդ 354 մլն դրամ կամ ձևավորված հասույթի 63,5 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրման ծավալն ավելի է 114 մլն դրամով: Չնայած բացարձակ գումարային արտահայտությամբ հավաքագրումների աճին՝ փոխվարչապետն անբավարար համարեց տեմպերը և համակարգի արդյունավետ ու անխափան աշխատանքի տեսանկյունից կարևորեց տարին առանց պարտքերի փակելու հանգամանքը: Նա պատասխանատուներին հորդորել է հետևողական աշխատանք իրականացնել գյուղացիական տնտեսությունների հետ՝ գանձումները ողջ ծավալով ապահվելու ուղղությամբ:
Ըստ աղբյուրի, խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մթերող կազմակերպությունների կողմից մթերված բերքի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ ամբողջությամբ գույքագրվել են նմանատիպ խնդիրները, և հետևողական քայլեր են ձեռնարկվում, որպեսզի մինչև նոյեմբերի 30-ը ընկերությունները կատարեն ստանձնած պարտավորությունները: Ըստ փոխվարչապետի՝ դա լրացուցիչ հնարավորություն կստեղծի, որպեսզի գյուղացիական տնտեսությունները կարողանան կատարել թե ստացած ոռոգման ջրի դիմաց վճարումները, թե տեղական հարկերի մասով իրենց պարտավորությունները: