Հաշմանդամություն ունեցողների ամենամեծ խնդիրը գործազրկությունն է
13/11/2012 19:33

Հաշմանդամություն ունեցողների ամենամեծ խնդիրը գործազրկությունն է

«Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը և կազմակերպության կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Ամեն ինչ մեզ համար` մեզ հետ» ծրագրի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը ներկայացրել են «Ամեն ինչ մեզ համար` մեզ հետ» ծրագրի շրջանակներում Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի 19 քաղաքներում հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացված քանակական հարցումների, հետազոտությունների ամփոփ արդյունքները:

«Ամեն ինչ մեզ համար` մեզ հետ» ծրագիրն իրականացվում է 2010 թվականից: Այն ուղղված է քաղաքացիական հասարակության կայացմանը` հավասար իրավունքների և հնարավորությունների արմատավորման, քաղաքացիական ակտիվության խթանմանը և օրենսդրական բարեփոխումների մշակմանը, ինչպես նաև` «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին իրազեկմանը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավական պաշտպանությանը:

Ընդհանուր առմամբ` հարցմանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 526 անձ, որոնց 55 տոկոսն ունի մասնագիտություն, իսկ 79 տոկոսը համարվում է աշխատանք փնտրողներ: Որպես առկա խնդիրներ` հարցման մասնակիցները առանձնացրել են գործազրկությունը, տրանսպորտի, միջավայրի և ծառայությունների մատչելության բացակայության խնդիրները:

Հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված պետական քաղաքականության ծրագրերին, իրավունքներին և արտոնություններին տեղեկացվածության մասին խոսելիս ասուլիսի բանախոսները նշել են, որ ըստ հարցման արդյունքերի` հարցվածների 48 տոկոսը բոլորովին ծանոթ չէ այդ ծրագրերին, 39 տոկոսը մասամբ է ծանոթ և միայն 11 տոկոսն է ծանոթ եղել պետական քաղաքականության ծրագրերին:

Ծրագրի տնօրեն Սուրեն Մաղաքյանը ներկաներին տեղեկացրեց, որ 2010 թվականից գործում է անվճար իրավաբանական խորհրդատվության թեժ գիծ, անցկացվել են ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների մասին, իրավունքների իրազեկման ծանուցողական-տեղեկատվական սեմինար հանդիպումներ` հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում, հայտարարեվել են նաև փոքր դրամաշնորհների մրցույթներ` հիշյալ 19 համայքներում` ուղղված տեղական կառույցների և ծառայությունների մատչելության ապահովմանը:

Կատարված հետազոտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ վերջին տարիներին Հայաստանում որոշակի ոլորտներում դրական տեղաշարժեր են նկատվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավական պաշտպանության առումով, թեև բազմաթիվ չլուծված խնդիրներ կան ` հասարակության անհանդուրժողականությունից մինչև պետական քաղաքականության թերի ընթացակարգեր:
 

Հաշմանդամություն ունեցողների ամենամեծ խնդիրը գործազրկությունն է