«Այս ամենը ոչ այլ ինչ է, քան փոթորկի փորձ 1 բաժակ ջրում»
13/11/2012 18:06

«Այս ամենը ոչ այլ ինչ է, քան փոթորկի փորձ 1 բաժակ ջրում»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Վերջին տասնօրյակում մենք ականատես եղանք քաղաքական ուշագրավ զարգացումների. հանկարծահաս հայտարարություններ, ռեվերանսներ, քաղաքական հնարքների տարատեսակ դրսևորումներ…

Կարծում եմ` այս ամենը ոչ այլ ինչ է, քան փոթորկի փորձ մեկ բաժակ ջրում: Քաղաքական նման ներկայացումների դիպուկ գնահատականը ժամանակին տվել է Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, որն ասել է. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ»: Եվ քանի դեռ որոշ ուժեր զբաղված են քաղաքական բլեֆով, Հանրապետականը ոչ թե ձևի հետևից է ընկնում, այլ իրականացնում է քայլեր ըստ էության:
 
Մենք վճռական ենք Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ շարունակելու մեր իսկ կողմից ձևավորված քաղաքական օրակարգում առկա այն բարեփոխումները, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության շարունակական զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, հասարակության սոցիալական և տնտեսական վիճակի բարելավմանը, ազգային անվտանգության ամրապնդմանը:

Հարկ է նշել, որ արտաքին քաղաքականության բնագավառում ևս ականատես եղանք որոշակի զարգացումների: Նախ և առաջ «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում Նախագահ Սարգսյանը երեք հստակ ուղերձ հղեց. առաջին՝ Հայաստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է, երկրորդ՝ Ադրբեջանը զինվում է և պատրաստվում պատերազմի և երրորդ՝ իրավիճակի վատթարացման դեպքում հայկական ուժերը կարող են «անհամաչափ» ուժեղ պատասխան տալ:

Հնարավոր դրական տեղաշարժ կարող է արձանագրվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ: Սրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանն Օլանդը վերահաստատեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման իր հանձնառությունը:

Եզրափակելով խոսքս` նշեմ, որ Հայաստանի իշխանությունները վճռական են թե՛ համակարգային բարեփոխումները շարունակելու, թե՛ արտաքին քաղաքական օրակարգում հայանպաստ լուծումների հասնելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ: 

«Այս ամենը ոչ այլ ինչ է, քան փոթորկի փորձ 1 բաժակ ջրում»