.jpg)
Որոշ ոչ ռազմավարական զարգացումներ ըստ Սերգեյ Մինասյանի
Մինչև տարեվերջ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված կոնցեպտուալ, ռազմավարական նշանակության զարգացումներ, ըստ էության, չեն լինի: Այդ մասին այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն` քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետի կարծիքով` թեև տարվա ընթացքում բազմիցս նշվում էր, թե բանակցային գործընթացը վտանգված է, իսկ կողմերից մեկը պարբերաբար սպառնալիքներ է հնչեցնում կամ խնդիրներ է առաջ քաշում` կապված Մինսկի խմբի ձևաչափի հետ, ակնհայտ է, որ կողմերից մեկը չի կարող փոխել ստեղծված և’ քաղաքական, և’ ռազմական ստատուս քվոն:Արտաքին դերակատարները, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահները ևս պատրաստ չեն իրենց դիրքը զիջել որևէ այլ արտաքին ուժի:
«Մինչ տարեվերջ կլինեն որոշ ոչ ռազմավարական զարգացումներ` կապված Ստեփանակերտի օդանավակայանի հետ, ինչպես նաև Աբխազական երկաթուղու բացման դեպքում հնարավոր է տարածաշրջանային լարվածության որոշակի մեղմացում»,-ասել է Սերգեյ Մինասյանը և հավելել, որ տարածաշրջանում առաջխաղացումը պայմանավորված կլինի ոչ այնքան բուն երկաթուղու շահագործման, որքան Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարելավմանը միտված պայմանավորվածությունների ձեռքբերման հետ:
Ըստ քաղաքագետի` երկաթուղու հնարավոր շահագործումը արդեն իսկ առաջ է բերել Ադրբեջանի բավական նյարդային ռեակցիան, քանի որ Ադրբեջանը դեմ է տարածաշրջանում հաղորդակցման պատկերի փոփոխությանը, ուստի այս առումով տարածաշրջանում հնարավոր են բացասական զարգացումներ հենց Ադրբեջանի կողմից:
Մինչ տարեվերջ Հայաստանի համար որոշ դրական զարգացումներ, քաղաքագետը հույս ունի, կլինեն` կապված վիզային ռեժիմի, ԵՄ հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ԱՄՆ նոր վարչակազմի հետ: