.jpg)
«Շատերը գաղափար չունեն Եվրասիական միության մասին»
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի հարցին, այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ գերտերությունները կամ ԱՄՆ պետդեպարտամենտը որևէ կերպ բացասաբար տրամադրված չեն այդ հարցում:
Քաղաքագետը կարևորեց ԼՂՀ իշխանությունների կողմից ՄԱԿ-ում և այլ ատյաններում ԼՂՀ տեսակետը ներկայացնելու անհրաժեշտությունը` ընդգծելով վերջին շրջանում այդ առումով նկատվող դրական տեղաշարժը: Խոսելով Ղարաբաղյան համակամարտության կարգավորման մասին` Սերգեյ Մինասյանը նշեց, որ այդ առումով հնարավոր է բանակցային գործընթացի շարունակում, ստատուս քվոյի պահպանում, սակայն հնարավոր չէ մոտ ապագայում փոխզիջումների վրա հիմնված վերջնական կարգավորման հաստատում: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը, թե իր երկիրը կանի ամեն բան Ղարաբաղյան հակամարտությունը վերջնական փուլի հասցնելու համար, քաղաքագետը նշեց, որ Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, այդպիսով իր պատրաստակամությունն է հայտնում շարունակելու բանակցային գործընթացը:
Անդրադառնալով Եվրասիական միության գաղափարին` քաղաքագետն այն համարեց ավելի շատ լրատվական դաշտում շրջանառվող գաղափար, քան քաղաքական իրողություն, քանի որ, ըստ նրա, անգամ ՌԴ-ում շատերը պատկերացում չունեն, թե ինչի մասին է խոսքը: «Նախորդ տարի առաջ քաշված գաղափարի շուրջ, այո, կան քննարկումներ, սակայն այդ ընթացքում լուրջ տեղաշարժեր չեն գրանցվել»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Այդ առումով` քաղաքագետը կարևորել է եվրոպական ինտեգրացիան` որպես ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություն, ինչը ամրագրված է նաև ՀՀ կարևոր փաստաթղթերի, ինչպես ասենք` ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ: