ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ֆիգարո» օրաթերթին
13/11/2012 17:25

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ֆիգարո» օրաթերթին

Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ֆիգարո» օրաթերթին. ստորև ներկայացնում ենք այն թարգմանաբար:

 -Հայ-ֆրանսիական հարաբերություններ...

-Հայ-ֆրանսիական բարեկամությունը բնութագրելու համար ես հաճախ օգտագործում եմ «առանձնահատուկ» բառը: Ֆրանսիան բացեց իր դռները և սիրտը Հայոց Ցեղասպանությունից փրկվածներին ընդունելու համար: Այսօր հիմնականում ցեղասպանության հետևանքով ձևավորված մեր համայնքը հանդիսանում է հայ-ֆրանսիական կապերը կամրջող հենասյունը: Այս տարին հոբելյանական է՝ մենք նշում ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Մեր երկրների միջև հարաբերությունների այս քսան տարիների ընթացքում մենք տպավորիչ ձեռքբերումներ ենք ունեցել:

Աշխուժորեն զարգանում են նաև մշակութային և առևտրատնտեսական կապերը։ Ֆրանսիան Հայաստանում երկրորդ ներդնողն է, մեզ մոտ գործում են ֆրանսիական կապիտալով 155 ձեռնարկություններ, որոնց թվում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են «Ալկատելը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կարեֆուրը» և այլն:

-Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծը ճանաչվեց հակասահմանադրական...

- Ֆրանսիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում չի պարտադրվել մեր կողմից:
Ֆրանսիան պետական մակարդակով ճանանչել է Հայոց Ցեղասպանությունը: Ցեղասպանության ժխտումը այդ հանցագործության շարունակության ձև է: Մենք անկեղծ համարում ենք, որ այն անձնավորությունները, ովքեր փորձում ենք ռեվիզիայի ենթարկել որևէ ժողովրդի ցեղասպանության պատմությունը, դառնում են այդ ծանր հանցագործության մեղսակից:
Ինչպիսի որոշումներ կկայացվեն Ֆրանսիայում այդ օրինագծի մասով` դժվարանում եմ կանխագուշակել: Ես կարող եմ միայն ողջունել Նախագահ Օլանդի հստակ դիրքորոշումն այս հարցում, որը նա արտահայտել է ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ` որպես Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ։

-Հայաստանը պաշտպանու՞մ է Բաշար-ալ-Ասադի ռեժիմը։

-Սիրիային և նրա ժողովրդին պատուհասած աղետը չի կարող անտարբեր թողնել որևէ մեկի: Սիրիայում առկա մեծ հայկական գաղթօջախը հայության շրջանում հայտնի է որպես «մայր գաղութ», քանի որ Սիրիայի տարածքով են հիմնականում այլ երկրներ գաղթել ցեղասպանությունից փրկվածները:

Քաղաքացիական պատերազմն իսկապես ծանր փորձություն է ցանկացած երկրի համար: Սակայն չկան այդպիսի իրավիճակների հաղթահարման ունիվերսալ բանաձևեր: Դժվար է ասել, թե որքանով կարող է օգնել կամ խանգարել արտաքին միջամտությունը: Ավելին, ուրիշների համար չափված լուծումները Սիրիայում դեպքում կարող են ողբերգական հետևանքներ ունենալ` հանգեցնելով տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի անդառնալի ձևափոխումների:

Հայաստանի Հանրապետությունը հնարավորության պարագայում կանի ամեն հնարավորը Սիրիայում խաղաղության պահպանման և հայ համայնքի կենսունակության ապահովման համար:

-Երևանի և Բաքվի արտաքին գերատեսչությունների ղեկավարների Փարիզյան հանդիպումից հետո ԼՂ խնդրի կարգավորման հույսեր կա՞ն։

-Փարիզյան հանդիպումը կարևոր էր այն առումով, որ պայմանավորվեցինք շարունակել խաղաղ կարգավորման բանակցությունները ստեղծված ձևաչափի շրջանակներում: Այդուհանդերձ այդ հանդիպումը հեռու է նոր հույսեր արթնացնելու առումով: Ադրբեջանական կողմը հրաժարվում է միջազգային միջնորդների կողմից առաջարկված սկզբունքները հիմք ընդունել կարգավորման: Նրանք համարում են, որ առանց հիմնական սկզբունքները համաձայնեցնելու հնարավոր է քննարկել բուն պայմանագիրը: Բայց պայմանագիրը կարող է կենսունակ լինել միայն եթե հենվում է հստակ և բոլորի համար հասկանալի սկզբունքների վրա:

Չնայած Բաքվի գործողություններին, որը հերոսացնում է սարսափելի հանցագուծություն կատարած մարդասպանին, ով կացնահարել էր քնած հայ սպայի, Հայաստանը շարունակելու է անել ամեն հնարավորը խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:

-Ֆրանսուա Օլանդի օրոք ֆրանս-թուրքական մերձեցումն անհանգստացնո՞ւմ է ձեզ։

-Ոչ իհարկե, մեր քաղաքականության հիմքում դրված չէ Թուրքիային վնասելու ցանկությունը: Մեր քաղաքականության հիմքում դրված են հստակ սկզբունքներ: Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան որքան հնարավոր է շատ շփվի Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ, որպեսզի այդ շփումների միջոցով յուրացնի եվրոպական արժեքները:

Ֆրանսիայի Նախագահները իրենց մեջ ուժ են գտել պատմության հետ առերեսվելու: Ես միայն կարող եմ ծափահարել իրենց համարձակությանը:

Փարիզում ես խնդրելու եմ Նախագահ Օլանդին, որպեսզի նա Թուրքիայի ղեկավարությանը պատմի, թե ինչպես է ինքն անձամբ դատապարտել հրեաների արտաքսումը Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ: Դա կարող է դաս հանդիսանալ Թուրքիայի ղեկավարների համար:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ֆիգարո» օրաթերթին