.jpg)
Յուրի Խաչատուրովը Հունաստանում հանդիպել է Մ. Կոստարակոսի հետ
Պաշտոնական այցով նոյեմբերի 12-14-ը Հունաստանում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար պարոն Պանոս Պանայոտապուլոսի և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` զորքերի մարտական ծառայության և մարտական ապահովման ստորաբաժանումների գործունեությունը համակարգող գլխավոր շտաբերի համապատասխան ստորաբաժանումների միջև երկկողմ համագործակցությանը, ռազմական կրթությանը, ոչ-դասական մարտի վարման ուղղությամբ պատրաստությանը, ռազմական արդյունաբերությանը և այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Ըստ աղբյուրի` այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը կայցելի նաև Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, որտեղ ուսանում են հայ կուրսանտները, և ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ:
Արարողակարգային միջոցառումների շրջանակներում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը այցելել և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին: