Դեսպան Մանուկյանը հանդիպել է Վրաստանի ՆԳ և ԿԳ նախարարներին
20/11/2012 18:18

Դեսպան Մանուկյանը հանդիպել է Վրաստանի ՆԳ և ԿԳ նախարարներին

«Վրաստանի նորընտիր վարչապետի և կառավարության վարած քաղաքականությունն ուղղված է հայ-վրացական հարաբերությունների և միջպետական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը»: Այս մասին երեկ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Իրակլի Գարիբաշվիլին: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեսպան Մանուկյանը, շնորհավորելով զրուցակցին կառավարության ձևավորման և ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՆԳ նախարարին փոխանցել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրալիր կերպով ընդունվեց նրա կողմից:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր և պայմանավորվածություններ ձեռք բերել արագ արձագանքում պահանջող հարցերի շուրջ համագործակցության եղանակների և ձևերի մասին:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` այսօր` նոյեմբերի 20-ին, դեսպան Մանուկյանը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և իտության նախարար Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Հանդիպման նպատակը ծանոթությունն էր Վրաստանի կրթական քաղաքականությանը, մասնավորապես` երկլեզու դպրոցների նկատմամբ որդեգրվելիք մոտեցումներին, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև համագործակցության և երկկողմ հարաբերություններում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:

Վրաստանի կրթության և գիտության նախարարի հետ զրույցի ընթացքում քննարկվել են Վրաստանի տարածքում գտնվող հայկական դպրոցների ուսուցչական կազմին և աշակերտությանը հուզող, մասնավորապես` հայոց լեզվի և գրականության դասագրքերի, հայերենի դասավանդման ժամերի քանակի, ինչպես նաև երկլեզու ուսուցման հիմնախնդիրների հետ կապված բազմաբնույթ հարցեր:

 

Դեսպան Մանուկյանը հանդիպել է Վրաստանի ՆԳ և ԿԳ նախարարներին