Ա. Զաքարյանը կոչով դիմել է Իսպանիայի Սենատին
20/11/2012 20:23

Ա. Զաքարյանը կոչով դիմել է Իսպանիայի Սենատին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդես է եկել նամակով` ուղղված Իսպանիայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Մունյոս Ալոնսո Լեդոյին:

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ. «Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 22-ին Իսպանիայի Սենատը լսումներ է անցկացնելու «Հայաստանի ռազմական ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի» թեմայով: Ավելի ուշ պարզեցինք, որ Սենատում` ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ անց է կացվելու սեմինար` «Ադրբեջանը Եվրոպայում» խորագրով:

Հարգելի գործընկեր, կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, օգտագործելով տարբեր առիթներ, խորհրդարանական հարթակներում փորձում է շահարկել Լեռնային Ղարաբաղին առընչվող հարցեր, որոնք, ինչպես իրականությունն է ցույց տալիս, միշտ էլ բացասաբար են անդրադարձել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա:

Կան բազմաթիվ փաստեր և հրապարակված նյութեր, որոնք ապացուցում են Ադրբեջանի կողմից ապատեղկատվության տարածումը` փորձելով մոլորեցնել մեր խորհրդարանական գործընկերներին և միջազգային հանրությանը:

Եվրանեսթի ԽՎ-ի Ադրբեջանի պատվիրակությունը շատ անգամներ, օգտագործելով վեհաժողովի հարթակը, փորձել է բարձրացնել այս հարցերը: Այդ փորձերը մշտապես կասեցվել են Եվրոպական Խորհրդարանի անդամների կողմից, ովքեր քաջատեղյակ են, որ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները անց են կացվում միջազգայնորեն լիազորված ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Սա միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված միակ ձևաչափն է:

Հարգելի գործընկեր,
Ցանկանում եմ կարևորել այն հանգամանքը, որ Իսպանիայի Սենատում սպասվող առաջիկա սեմինար-քննարկումների ընթացքում մեր իսպանացի գործընկերներն ի նկատի ունենան, որ ադրբեջանցիներն այդ քննարկունները ևս օգտագործելու են շահարկումների համար, ավելացնելով անկայունության և ռազմական գործողություններ վերսկսելու սպառնալիքները` դրանով վտանգելով անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Ես հուսով եմ, որ Իսպանիայի Սենատի մեր հարգարժան գործընկերները, ովքեր մասնակցելու են քննարկումներին, հաշվի կառնեն վերոնշյալ պատճառները, որպեսզի թույլ չտան ադրբեջանցի պատգամավորներին տարածել ոչ ճշգրիտ տեղեկատվություն, կեղծել ու աղավաղել հակամարտության էությունն ու կարգավորման ընթացքը և այս ճանապարհով փորձեն քաղաքական դիվիդենտներ քաղել:

Միաժամանակ ցանկանում եմ հրավիրել Ձեզ և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին այցելել Հայաստանի Հանրապետություն ձեզ հարմար ժամանակ: Խորապես համոզված եմ, որ Ձեր այցը կնպաստի մեր հանձնաժողովների միջև համագործակցության կայացմանն ու հարաբերությունների զարգացմանը»:
 

Ա. Զաքարյանը կոչով դիմել է Իսպանիայի Սենատին