Գ. Բեգլարյանն ընդունել է Մագ Իսքանդերին
20/11/2012 19:17

Գ. Բեգլարյանն ընդունել է Մագ Իսքանդերին

Ներկայում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման արբանյակի տեղակայման ուղեծրային դիրքի հաճախականությունների ռեսուրսի ընդլայնման հնարավորությունների ուսումնասիրությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից,  նախարարության հրավերով Հայաստանում գտնվող «MDA տեղեկատվական համակարգեր» ընկերության նախագահ Մագ Իսքանդերի հանդիպման ժամանակ հայտնել է գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանը:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տիեզերական ծրագիրը, նշել, որ մեր երկիրն արդեն իսկ Հեռահաղորդակցության միջազգային միության է ներկայացրել ուղեծրային դիրքի Հայաստանի կողմից ամրագրման դիմումային փաստաթղթերը:

«MDA տեղեկատվական համակարգեր» ընկերության նախագահ Մագ Իսքանդերը իր շահագրգռվածությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության տիեզերական ծրագրում բազմակողմանի մասնակցություն ցուցաբերելու հարցում: Մասնավորապես նշվել է, որ ընկերությունը կարող է մասնակցություն ցուցաբերել ծրագրի բոլոր փուլերում, այդ թվում նաև հնարավոր ֆինանսավորման լուծումներ գտնելու հարցում:

Գագիկ Բեգլարյանը և Մագ Իսքանդերը պայմանավորվել են շարունակել հետագա համագործակցության զարգացման աշխատանքները և մոտ ապագայում կազմակերպել մասնագետների հանդիպում` ՀՀ տիեզերական ծրագրի իրականացման գործնական քայլեր մշակելու համար: Մագ Իսքանդերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, և նախարարին պատասխան այցով հրավիրել Կանադա:

 

Գ. Բեգլարյանն ընդունել է Մագ Իսքանդերին