Տեղի է ունեցել ամերիկահայ գրող Ա. Նավասարգյանի գրքի շնորհանդեսը
20/11/2012 19:54

Տեղի է ունեցել ամերիկահայ գրող Ա. Նավասարգյանի գրքի շնորհանդեսը

Երևանում այսօր տեղի է ունեցել ամերիկահայ գրող, մշակութաբան Ալիս Նավասարգյանի «Անմահներ. նկարազարդ մի ժողովածու՝ Հայաստանի, հայերի և իրանահայերի մասին» խորագրով գրքի շնորհանդեսը: ՀՀ Սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա է գտնվել նաև գերատեսչության ղեկավար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով Ա. Նավասարգյանին` Սփյուռքի նախարարը մասնավորապես նշել է.

«Գրքում ընդգրկված են 19-20-րդ դարերի հայ նշանավոր գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, ճարտարապետներ, վաճառականներ, որոնց ստեղծագործական կյանքը կապված է նաև մեր հարևան Իրանի հետ: Կարծում եմ, այս աշխատությունը կնպաստի, որ նոր սերունդները կապվեն ազգային արմատներին և մշակույթին: Ալիս Նավասարգյանի գիրքը հայ ազգային ոգու մշակութային անձնագիրն է աշխարհի բոլոր ծայրերում: Անգլերենով գրված այս գիրքը բաց է նաև անգլախոս ընթերցողի առաջ: Ինձ համար նրա գործունեությունը էական է հեռավոր Ամերիկայում, քանի որ ինչ էլ ստեղծի՝ գրի, հավաքագրի, նվիրված է լինելու Հայաստանին ու հային: Հայապահպանությունը մեր հիմնական խնդիրն է Սփյուռքում, մենք պետք է պահպանենք այն ամենն, ինչով հպարտանում ենք այսօր»:

 Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հեղինակին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության Արշիլ Գորկի մեդալով:

Շնորհակալական խոսքով հանդես են եկել նաև Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի գծով խորհրդատու Մ.Շիրավանդը, ՀՀ ԳԱԱ գրականության և արվեստի ինստիտուտների տնօրեններ Ա.Իսահակյանը և Ա.Աղասյանը, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ե.Ղազանչյանը, ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Ս.Գեղամյանը, ակադեմիկոս Վ.Բարխուդարյանը, գրող, բանաիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Հարությունյանը և այլք:

Միջոցառմանը, աղբյուրի փոխանցմամբ, հնչել ենն նաև հայկական մեղեդիներ սիմֆոնիկ երգչախմբի կատարմամբ: 

Տեղի է ունեցել ամերիկահայ գրող Ա. Նավասարգյանի գրքի շնորհանդեսը