.jpg)
Շարմազանով. Ծիծաղաշարժ դրության մեջ չընկնելու համար պետք է լռել
«Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, կարծես, անհեթեթ հայտարարությունների մրցույթ են սկսել: Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ այդ պետության կողմից ստի և կեղծիքի քաղաքականությունը շարունակվում է»,- մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հայտարարությունը, թե Հայաստանը «օկուպանտ» երկիր է, որը խնդիրներ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, արձագանքել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը.
«Թարմացնելով թուրք պաշտոնյայի հիշողությունը՝ նշեմ, որ Թուրքիան է Ցեղասպանություն իրականացրել քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների և ասորիների նկատմամբ: Թուրքիան է օկուպացրել ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասը, որտեղ և զինվորական վերապատրաստում է անցել ոճրագործ Սաֆարովը»,- ասել է Է. Շարմազանովը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան է զրոյացրել հարաբերությունների կարգավորումը հարևան երկրների հետ: Պաշտոնական Անկարայի ռազմական և ֆինանսական օժանդակությամբ է Ադրբեջանն օկուպացրել ԼՂՀ մի շարք տարածքներ:
«Հետևությունը մեկն է. ծիծաղաշարժ դրության մեջ չընկնելու համար երբեմն ավելի շահեկան է լռել»,- ամփոփել է իր խոսքը Է. Շարմազանովը: