«Շշուկների մատյանը» ներկայացվեց Հայաստանում
20/11/2012 18:58

«Շշուկների մատյանը» ներկայացվեց Հայաստանում

Այսօր տեղի է ունեցել Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության նախագահի առաջին տեղակալ, գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի հայաստանյան շնորհանդեսը: Հանդիսությանը ներկա էր  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին տեղկեացնում են Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:

Գերատեսչության ղեկավարը,  ողջունելով Վարուժան Ոսկանյանի գրական, հասարակական գործունեությունը, պարգևատրել է նրա ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, արժևորելով Վարուժան Ոսկանյանի գործունեությունը, իր հերթին փաստել է, որ ամբողջ աշխարհում հային ու Հայաստանը ճանաչելու ևս մեկ հնարավորություն է «Շշուկների մատյանը» գրքի լույսընծայումը:

Շնորհավորական խոսքում Գրողների միության փոխնախագահ Դավիթ Մուրադյանը նշել է, որ յուրաքանչյուր հայի համար հպարտություն է Վարուժան Ոսկանյանի նման ինքնատիպ հայրենակից գրող ունենալու հանգամանքը:

Շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Կրինա Ռուդիքա Պրունարիուն:

«Շշուկների մատյան» վեպը հրատարակվել է 2009 թվականին և համարվել է Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը, գրքին շնորհվել է Ռումինական Ակադեմիայի գրական գլխավոր մրցանակը: Վեպը թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, եբրայերեն: 2013-ին նախատեսվում է ֆրանսերեն, գերմաներեն, շվեդերեն և բուլղարերեն տարբերակների լույսընծայումը: 

«Շշուկների մատյանը» ներկայացվեց Հայաստանում