«Ընդդիմությունն առաջին անգամ  կարողացել է արտահերթ նիստ հրավիրել»
20/11/2012 14:50

«Ընդդիմությունն առաջին անգամ կարողացել է արտահերթ նիստ հրավիրել»

«Եթե կարծում եք, որ այսօրվա ասուլիսի աժիոտաժը ստեղծվել է, որպեսզի ես հայտարարեմ միասնական ընդդիմադիր թեկնածուի անունը, ապա սխալվում եք: Այսօր այլ թեմայի շուրջ է ասուլիսը»,- լրագրողների հետ հանդիպումն այսպես սկսեց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե ցանկալի է, որ գոնե հայտարարվի ՀԱԿ թեկնածուի անունը, Զուրաբյանը նկատեց, որ դա էլ չի հայտարարվի: Շարունակելով իր խոսքը` նա ներկայացրեց, որ ասուլիսի հիմնական թեման վաղը «կայանալիք կամ չկայանալիք» արտահերթ նիստն է:

Ընդդիմությունը, Զուրաբյանի խոսքերով, վերջին 15-20 տարվա ընթացքում կարողացել է առաջին անգամ արտահերթ նիստ հրավիրել, ինչը խիստ կարևոր է:

«Չորս խմբակցություն` ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ, միավորվել են ընտրական համակարգի վերափոխման գաղափարի շուրջ: Ողջունելի է նաև, որ այս գաղափարի շուրջ համախմբվել է նաև հասարակությունը»,- ասաց Լ.Զուրաբյանը` թվարկելով մի քանի ՀԿ-ների անուններ, որոնք իրենց աջակցությունն են հայտնում այս գաղափարին:

Լ. Զուրաբյանը նշեց նաև, որ իրենց աջակցում են նաև միջազգային կառույցները. «Դիմադրում է միայն իշխող ՀՀԿ-ն. այս ուժը միակն է, որ իր բոլոր հնարավոր տարբերակներով և իր ուժերով դիմադրում է ժողովրդի այս պահանջին»,- ասաց խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ ՀՀԿ-ն նույնիսկ վախենում է արտահերթ նիստ անցկացնելուց: Եթե ՀՀԿ-ն տապալի նիստը, ապա, Լ. Զուրաբյանի խոսքերով, ըստ էության, կխախտի Սահմանադրությունը:

Ամփոփելով իր խոսքը` ՀԱԿ համակարգողը Կոնգրեսի անունից վաղը ժամը 2-ին բոլոր քաղաքացիներին հրավիրեց ԱԺ շենքի մոտ` մասնակցելու ակցիայի:
 

«Ընդդիմությունն առաջին անգամ կարողացել է արտահերթ նիստ հրավիրել»