.jpg)
Լ. Զուրաբյան. ՀԱԿ-ին ոչ մեկ հավատարմության երաշխիքներ չի տվել
«Այն համագործակցությունը, որն արդեն ծավալվում է, ինչ-որ հույս ներշնչում է»,- ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների կարգավիճակն այսպես ներկայացրեց լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ պետք չէ հավատալ ինչ-որ խոսքերի կամ հավատ ընծայել քաղաքական ուժերի նկատմամբ, դա անիմաստ բան է քաղաքականության մեջ: Քաղաքականության մեջ առաջնորդվում են շահերով, և մենք տեսնում ենք, որ քաղաքական այս ուժը և էլի որոշ ուժեր ունեն այս ռեժիմից ազատվելու շահ»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Հարցին, թե որքանո՞վ է ռեալ ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելը, ԱԺ պատգամավորը նշեց, թե նկատելի են որոշ նշաններ, որ «նրանք ազատվում են առկա կաշկանդվածություններից, որոշ նշաններ էլ կան, որ չեն ազատվել, հիմա թե ինչ կլինի վերջում, երաշխիք չի կարող տալ ոչ մեկ»:
Շարունակելով իր խոսքը` Լ. Զուրաբյանն ասաց, որ եթե քաղաքական ուժերի համախմբման շանս կա, որի միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, ապա բոլոր հնարավոր տարբերակներով պետք է օգտագործել այդ շանսը:
«Մեզ ոչ ոք ոչինչ խոսք չի տվել, հավատարմության երաշխիքներ չի տվել, քաղաքականության մեջ նման բաների մասին խոսելը ծիծաղել է: Փորձում ենք անել այն, ինչ ժողովուրդը սպասում է. կստացվի դրան հասնել, ավելի լավ, չի ստացվի` մենք մեր ուժերով կանենք»,- նկատեց նա:
Դիտարկմանը, թե Կոնգրեսն ինչպե՞ս է գնահատում իր ուժերն ու վարկանիշը, Լ. Զուրաբյանը նկատեց, որ «շատ լավ ենք գնահատում»: