ՏԻՄ ապակենտրոնացման և զարգացման ծրագրեր`ՄԶԳ-ի մասնակցությամբ
21/11/2012 19:38

ՏԻՄ ապակենտրոնացման և զարգացման ծրագրեր`ՄԶԳ-ի մասնակցությամբ

«Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթի հետ կապված հարցեր են քննարկվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում են ՏԿՆ մամուլի ծառայությունից:

«Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթուղթը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցություն» ծրագրի շրջանակում:

«Մշակվել է բավականին հետաքրքիր փաստաթուղթ, որն արտացոլում է այսօրվա իրականության խնդիրները և առաջարկում է դրանց լուծումները»,- ընդգծել է փոխվարչապետը: Նշվեց, որ փաստաթուղթը լայն քննարկման է ներկայացվելու, առաջիկայում լսումներ կկազմակերպվեն ԱԺ համապատասխան հանձնաժողովում, Հանրային խորհրդում:

Ստացված առաջարկությունների հիման վրա մինչև տարեվերջ այն կամբողջացվի և կմշակվի դրանից բխող միջոցառումների ժամանակացույց:

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ նախատեսվում է ստեղծել տեղական և միջազգային փորձագետներից կազմված խումբ, որը կզբաղվի նոր խմբագրմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակմամբ: ` փորձելով արտացոլել նշված փաստաթղթի մոտեցումները: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր կառույցի անունից աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն հայտնեց: Զրուցակիցները կարևորեցին նաև տեղերում քննարկումների, թեմայի շուրջ բանավեճերի կազմակերպումը:

Ա. Գևորգյանն անդրադարձավ նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի կողմից Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների ուսումնասիրության ծրագրի իրականացման նախաձեռնությանը:

Նա ողջունել է գաղափարը` նշելով որ ջրային պաշարների արդյունավետ օգտագործման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, ինչպես նաև աջակցության պատրաստակամություն հայտնեց ծրագրի իրականացման գործում:
 

ՏԻՄ ապակենտրոնացման և զարգացման ծրագրեր`ՄԶԳ-ի մասնակցությամբ