.jpg)
Չեխիայի փոխարտգործնախարարը հյուրընկալվեց Ազգային Ժողովում
Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Տոմաս Դուբը կարևորում է հայ-չեխական բիզնես շփումները: Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունը:
Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ նման նախաձեռնությունները նոր լիցք կհաղորդեն տնտեսական համագործակցության խորացմանը և ապրանքաշրջանառության ավելացմանը երկու երկրների միջև, հատկապես որ առկա է չիրացված մեծ ներուժ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում վերջերս Չեխիայի Հանրապետություն կատարած այցն ու հանդիպումները ևս արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին բերել են այն համոզման, որ առկա են հարաբերությունները զարգացնելու նոր և արդյունավետ հնարավորություններ:
«Չեխիայի Հանրապետությունը հետաքրքրված է Հայաստանի հետ բիզնես շփումներով»,- ասաց Տոմաս Դուբը՝ կարևորելով երկու երկրների միջև ներմուծման ու արտահանման ծավալների մեծացումը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը նոր և կարևոր շուկա է չեխ տնտեսավարողների համար, կարելի է բազմաթիվ երկկողմ շահավետ ծրագրեր իրականացնել այս միջավայրում:
Արտակ Զաքարյանը նշել է, որ տնտեսական բարեփոխումներն ու ներդրումների համար բարենպաստ գործարար միջավայր ստեղծելը Հայաստանի իշխանությունների համար առաջնահերթություն են՝ հատկապես հաշվի առնելով հարևանների կողմից շրջափակված լինելու հանգամանքը:
Իրավական դաշտում բարեփոխումները ևս, Արտակ Զաքարյանի համոզմամբ, կնպաստեն տնտեսական շփումների աշխուժացմանը, քանի որ Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհին որդեգրել է իր օրենսդրական դաշտը եվրոպական չափանիշներին համահունչ դարձնելու մոտեցում:
Որպես համագործակցության նոր հարթություն՝ հանձնաժողովի նախագահը նշել է նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրը, որի կենսագործման հարցում ՀՀ-ն մեծ առաջընթաց է արձանագրել:
Երկուստեք կարևորվեց նաև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը դրական քայլ համարեց երկու խորհրդարանների համապատասխան հանձնաժողովերի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը:
Զրուցակիցները փոխադարձ գործակցության լավ հարթակ համարեցին նաև Արևելյան գործընկերության նախաձեռնությունը, մասնավորապես նրա խորհրդարանական ձեւաչափը՝ «Եվրանեսթը»: Քննարկվեցին նաեւ կրթական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր:
Չեխ պաշտոնյան խոսեց դարասկզբին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին՝ ասելով, որ որպես Լիդիցեում նացիստների կազմակերպած սպանդն ապրած ժողովուրդ՝ կիսում են հայ ժողովրդի ցավն ու ցասումը:
Զրուցակիցներն անդրադարձան նաև հայ-թուրքական հարաբերություններին ու արձանագրությունների սառեցմանը: Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ հարգելով միջազգային հանրության կարծիքը՝ Հայաստանը հետքայլ չի կատարել եւ արձանագրությունները դեռ պահում է խորհրդարանի օրակարգում:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը խոսեց նաև Ադրբեջանի վարած ռազատենչ քաղաքականության ու հակահայկական քարոզչության մասին՝ վերահաստատելով խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հակամարտությունը կարգավորելու հայկական կողմի դիրքրոշումը:
Նա շնորհակալություն հայտնեց փոխարտգործանախարարին՝ Չեխիայի հավասարակշիռ դիրքորոշման համար Սաֆարովի հետհանձնման հարցում: Գնահատականները սկբունքային են եղել նաև Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում, ինչի կապակցությամբ Արտակ Զաքարյանը նկատեց. «Չեխիան միշտ հավատարիմ է Եվրամիության եւ առաջադեմ մարդկության արժեքներին»: