Իոսիֆ Կոբզոնը այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
21/11/2012 18:21

Իոսիֆ Կոբզոնը այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:

Ողջունելով տիար Կոբզոնի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նաթան Սրբազանը նրան փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ողջույններն ու բարեմաղթանքները:

Իր խոսքում Սրբազան Հայրը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստան այցի նպատակին` Երևանում կայանալիք բարեգործական համերգին` ընդգծելով նաև, որ բարեգործությունը հիմնական նպատակն է քրիստոնեության առաքելության:

Այս առիթով Նաթան Սրբազանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Իոսիֆ Կոբզոնի կողմից մշտապես ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար` մաղթելով Երկնավորի զորակցությունը նրա աստվածահաճո նախաձեռնություններին:

Իր հերթին Ի. Կոբզոնը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցի առիթով, նշեց, որ հպարտ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստացված շքանշանի համար և ուր էլ որ հայ է հանդիպում, միշտ հիշում է Հայաստանը և Ս. Էջմիածինը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նշանավոր արվեստագետի կողմից հայ ժողովրդին դժվարին տարիներին ցուցաբերած օգնությանը, ինչպես նաև հասարակության կյանքում հոգևոր արժեքների ամրապնդման կարևորությանը:

Իոսիֆ Կոբզոնը այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին