.jpg)
Ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը ՀՀԿ-ն տապալեց
Ազգային Ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել էր ՀԱԿ նախաձեռնությամբ` չկայացավ: Չգրանցվեցին ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորները: Չնայած ՀՀԿ-ի բազմաթիվ պատգամավորներ ԱԺ-ում էին, այդուհանդերձ դահլիճում ՀՀԿ-ից միայն ԱԺ փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանն էին:
Պատգամավորների գրանցումից հետո պարզվեց, որ դահլիճում ներկա է ընդամենը 44 պատգամավոր, քվորում չապահովվեց, քանի որ նիստի աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ էր առնվազն 66 պատգամավոր:
ԱԺ կանոնակարգի համաձայն` 3 ժամ հետո խորհրդարանը ևս մեկ գրանցում պետք է անցկացնի: Սակայն հասկանալի է, որ 3 ժամ անց էլ քվորում չի ապահովվի:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախօրեին հրավիրած ասուլիսին կանխատեսել էր, որ ՀՀԿ-ն կտապալի արտահերթ նիստը և Կոնգրեսի անունից այսօր ժամը 2-ին բոլոր քաղաքացիներին հրավիրել էր ԱԺ շենքի մոտ` մասնակցելու ակցիայի:
Նշենք, որ 4 խմբակցություն` ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ-ը հրավիրված արտահերթ նիստում պետք է քննարկեին ընտրական համակարգի փոփոխության հարցը: