.jpg)
Երևանը գործընկերային կապեր կհաստատի չեխական քաղաքների հետ
Քաղաքային տնտեսության ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային դաշտի զարգացման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Տոմաշ Դուբի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից:
Ողջունելով հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը Երևանում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ սա ևս մեկ անգամ փաստում է հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակը և հաստատում, որ փոխգործակցություն ծավալելու մեծ ներուժ կա նաև երկու երկրների քաղաքների միջև:
Անդրադառնալով տեղական ինքնակառավարման ոլորտում համագործակցությանը, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանը հետաքրքրված է գործընկերային կապեր հաստատել չեխական քաղաքների հետ. «Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու հարցում: Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ուղղություններով և համոզված եմ, որ այդ համագործակցությունը արդյունավետ կլինի երկու կողմերի համար: Այս հարցում մենք ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը, ավելացնելով, որ Հայաստանի և Չեխիայի առևտրի պալատների միջև արդեն իսկ գործնական կապեր են հաստատվել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը ևս իր հերթին կարևորել է փոխշահավետ համագործակցությունը.
«Մենք արդեն միջկառավարական կապեր ունենք հաստատած մի շարք ուղղություններով և ես վստահ եմ, որ հարաբերությունները կենսունակ կդառնան նաև Երևանի և չեխական քաղաքների միջև: Մենք հարուստ փորձ ունենք հանրային տրանսպորտի, ջրային կառույցների կառավարման և մի շարք այլ ոլորտներում և կարծում եմ, որ այս ուղղությունները ևս կարող են համագործակցության մաս կազմել փորձի փոխանակման առումով»,- նշել է Տոմաշ Դուբը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: