.jpg)
Ներքաղաքական զարգացումները՝ բաժակում փոթորիկ
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ներքաղաքական զարգացումները նմանեցնում է բաժակում առաջացած փոթորիկի:
«Այն համակարգը, որն այս պահին գործում է, չի փոխվելու. նախագահականից խորհրդարանական կարգին անցում չի լինելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին` ասաց Արամ Սարգսյանը, ավելացնելով, թե այս պահին, ընդամենը ԶԼՄ-ներին օգտագործելով, քննարկումներ են սկսել հարցի շուրջ:
«Իրականում մենք թողել ենք պետության առջև կանգնած իրական խնդիրը՝ արտագաղթը, որի տեմպերը ահագնանում են և մի 20 տարի անց ՀՀ-ն ամայանալու է և քննարկում ենք խորհրդարանական կարգին անցնելու խնդիրը»,-ասում է Ա. Սարգսյանը:
Ա.Սարգսյանի խոսքերով, եթե գործող նախագահը իրականում պայքար սկսի կոռուպցիայի, ստվերի դեմ, քայլեր ձեռնարկի, որոնք կդադարեցնեն արտագաղթը՝ կատարի իրական քայլեր, ապա ՀԴԿ-ն հնարավոր է քննարկի նրան աջակցելու հնարավորությունը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ ՀՀ-ում պետք է փոփոխել գոյություն ունեցող կառավարման համակարգը, քանի որ ՀՀ-ի կիսանախագահական կառավարման պայմաններում նախագահի ձեռքում է կենտրոնանում ողջ իշխանությունը:
«Երեք նախագահների ազդեցության եռանկյունուց դուրս գտնվող ուժերը պետք է համախմբվեն, որպեսզի ժողովրդին այս ընտրություններում տանք իրական այլընտրանք՝ պետք է առողջացնել մեր կառավարման համակարգը»,-նշեց բանախոսը` առաջարկելով թեկնածու, որի շուրջ կարող են համախմբվել առողջ ուժերը` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան: