ՀՀ-ն միացավ որակավորման ազգային շրջանակի հաստատման հռչակագրին
23/11/2012 18:50

ՀՀ-ն միացավ որակավորման ազգային շրջանակի հաստատման հռչակագրին

Այսօր Ստրասբուրգում կայացել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպում, որի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես բարձրագույն կրթության ոլորտում, համալսարանների ինքնավարության և ակադեմիական ընդլայնմանն ուղղված խնդիրներին, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի համատեքստում առաջացած մարտահրավերներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպման արդյունքում ընդունվել է հռչակագիր, որով երկրները պատրաստակամություն են հայտնել ստեղծել որակավորումների ազգային շրջանակի հաստատմանն ուղղված պատասխանատուների տարածաշրջանային ցանց, ինչպես նաև երկրներում ներդնել որակի ապահովման համար անկախ համակարգեր: Հանդիպմանը մասնակցել են նաև Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի կրթության նախարարները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի և Ադրբեջանի փոխնախարարները:  

Հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն` Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին /ԵԲԿՏ/ ինտեգրվելու ուղղությամբ վերոնշյալ երկրներում կատարվող աշխատանքների վերաբերյալ:  

Հաղորդագրության համաձայն, նախարարն ընդգծել է նաև 2011թ. ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակի հաստատման կարևորությունը: Առանձին անդրադարձ է կատարել ՀՀ-ում իրականացվող մի շարք հետևողական քայլերին` ուղղված բուհի ակադեմիական և կառավարման գործընթացներին ուսանողների դերի և ներգրավվածության բարձրացմանը, ինչը հատկապես կարևորվում է ԵԲԿՏ-ում: Այս համատեքստում նա կարևորել է Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիայի ապագա անդամակցումն Ուսանողների եվրոպական միությանը, որը հանդիսանում է ԵԲԿՏ-ի խորհրդատու անդամ: Որպես առաջնայնություն ընդգծել և կարևորել է նորաստեղծ կառույցների և գործընթացների ամբողջական ընկալումն ու ընդունումն ինչպես համալսարանական հանրության, այնպես էլ հասարակության կողմից:
 
Այցի շրջանակում նախարար Ա.Աշոտյանն առանձին քննարկումներ է ունեցել Ուկրաինայի և Մոլդովայի կրթության նախարարների հետ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Վ.Բավեյանը, ԵՊՀ և ԵՃՇՊՀ ռեկտորներ Ա.Սիմոնյանը և Հ.Թոքմաջյանը: 

ՀՀ-ն միացավ որակավորման ազգային շրջանակի հաստատման հռչակագրին