.jpg)
Չի բացառվում, որ ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին
«Պետք չէ բացառել, որ ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը»,- նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Հարցին, թե ինչի՞ դիմաց պետք է ԲՀԿ-ն սատարի գործող նախագահի թեկնածությանը, Ա. Զաքարյանը նկատեց. «Հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի»:
Շարունակելով խոսքը` պատգամավորը նշեց, որ այսօր ԲՀԿ-ն իր հետագա տարիների անելիքների խնդիրը լուծելու հարցի առջև է կանգնած, և «իրականում չի մտածում նախագահ ունենալու մասին»:
«ԲՀԿ-ն այսօր փնտրտուքների և կողմնորոշումների մեջ է: Խոսակցությունները, թե ԲՀԿ-ն ունենալու է սեփական թեկնածու, այս պարագայում նորմալ է, քանի որ իրենք փորձում են իրենց դերակատարումն առաջիկա տարիների համար կարևորել»,- մանրամասնեց պատգամավորը:
Խոսելով միասնական ընդդիմադիր թեկնածուի հավանականության մասին` բանախոսը համոզմունք հայտնեց, որ ընդդիմությունը նախագահական ընտրություններին հանդես չի գա մեկ թեկնածուով, քանի որ, ըստ նրա, կուսակցություններից յուրաքանչյուրն իր շահերն է հետապնդում: