Ադրբեջանի ղեկավարության քայլերը սրում են իրավիճակը տարածաշրջանում
23/11/2012 17:04

Ադրբեջանի ղեկավարության քայլերը սրում են իրավիճակը տարածաշրջանում

Նոյեմբերի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել են Ստեփանակերտում Արցախի նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված իրենց առաջարկությունները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպմանը նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակաբար արվող սադրիչ հայտարարությունների վրա՝ նշելով, որքան էլ դրանք ներքին օգտագործման համար լինեն, սակայն լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին և սրում են իրավիճակը տարածաշրջանում։

Զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռանախագահների հետ հանդիպման հնարավորությունը։
 

Ադրբեջանի ղեկավարության քայլերը սրում են իրավիճակը տարածաշրջանում