Հ. Հակոբյան. Դեկտեմբերի 1-ը մերը պետք է լինի
23/11/2012 18:43

Հ. Հակոբյան. Դեկտեմբերի 1-ը մերը պետք է լինի

Դեկտեմբերի 1-ին Ամստերդամում կմեկնարկի Մանկական Եվրատեսիլը, որին հերթական անգամ մասնակցում է Հայաստանը: 

Սփյուռքի նախարարության փոխանցմամբ` այս կապակցությամբ նոյեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը տեսակոնֆերանս էր կազմակերպել, որին մասնակցում էին Սանկտ Պետերբուրգի, Մինսկի, Օդեսայի հայ համայնքների ներկայացուցիչները: Տեսակոնֆերանսին ներկա է եղել Մանկական Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնող «Կոմպաս Բենդի» պրոդյուսեր Զառա Պետրոսյանը, ով նշված քաղաքների հայ երիտասարդներին ներկայացրել է խմբի տեսահոլովակը, կոչ է արել մասնակցել և ակտիվորեն քվեարկել Հայաստանի օգտին:

Նախարարը հորդորել է առաջիկա 8 օրերին մեծագույն ակտիվությամբ տարածել հայ պատանիների կատարումը համացանցում, կոչ անել երիտասարդական կազմակերպություններին, հասակակից օտարերկրացիներին ևս լսել «Կոմպաս Բենդի» կատարումն ու քվեարկել Հայաստանի օգտին:

Սանկտ Պետերբուրգի, Օդեսայի և Մինսկի երիտասարդներն իրենց ոգևորությունն ու աջակցությունը փոխանցեցին հայ պատանիներին՝ վստահեցնելով, որ իրենց բնակության երկրներում արդեն շատերն են ճանաչում ու սիրում հայկական կատարումը և պատրաստ են իրենց ձայնը տալ Մանկական Եվրատեսիլի հայաստանյան մասնակցին՝ «Կոմպաս Բենդին»:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը իր ողջույնի խոսքում կարևորել է աշխարհասփյուռ հայության դերը համաեվրոպական մրցույթում հաղթանակի հասնելու հարցում. «Դեկտեմբերի 1-ը մերը պետք է լինի: Եթե երեխաներն իմանան, որ հայ համայնքներն իրենց աջակցում են, առավել մեծ ոգևորություն կցուցաբերեն, և մենք կհաղթենք: Պետք է համախմբվենք այնպես, ինչպես միահամուռ էինք Շախմատի օլիմպիադայի ժամանակ, և այսպիսով մենք ևս մեկ անգամ կապացուցենք, որ շախմատային գերտերություն լինելուց բացի նաև մշակութային գերտերություն ենք»:
 

Հ. Հակոբյան. Դեկտեմբերի 1-ը մերը պետք է լինի