.jpg)
Թուրքիան լրացնում է Ադրբեջանի հակահայ քարոզչությունը
Արմենաֆոբիան Ադրբեջանում շատ երկար տարիների պատմություն ունի, և հենց այդ արմենաֆոբիան է ամրապնդում այն կարծրացող տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում գոյություն ունենալ չի կարող» Լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանում պաշտոնական բարձր մակարդակով արվող հակահայկական հայտարարություններին: Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Ադրբեջանում, շարունակեց նա, առաջին դեմքի մակարդակով է անգամ տարվում հակահայկական քարոզչություն, իսկ դա վկայում է, որ այդ երկրում չի կարող գոյություն ունենալ արժեքային այնպիսի համակարգ, որը համահունչ լինի արդի քաղաքակիրթ մարդկության պահանջներին, եվրոպական արժեքներին և խաղաղ գոյակցության հաստատված նորմերին:
«Այս պարագայու, կարծում եմ, որ միջազգային լրատվամիջոցների ու ամենատարբեր շրջանակների մոտ այս փաստերին հղում անելով` ամրապնդվելու է այն տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ցանկացած կարգավիճակով լինելու է վտանգված Ադրբեջանում, ուստի դա էլ ավելի է խորացնելու ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը»,- ընդգծեց Ա. Զաքարյանը:
Անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հայտարարությանը, որ «Հայաստանը օկուպանտ երկիր է», Ա. Զաքարյանը շեշտեց, որ թուրքական պաշտոնական հայտարարությունները լրացումն են հանդիսանում ադրբեջանական հակահայկական քարոզչության:
«Թուրքիան, գիտակցելով Հայաստանի աճող դերակատարությունը տարածաշրջանում, չի կարողանում հանդուրժել այդ իրողությունը: Թուրքիան չի կարողանում հիմնավորել, թե ինչո՞ւ առ այսօր հայ-թուրքական արձանագրությունները չի վավերացվել իր խորհրդարանի կողմից և ինչո՞ւ է այսպես հետևողականորեն ցանկանում տապալել առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- նշեց Ա. Զաքարյանը և հավելեց, որ այդ պարագայում Թուրքիային այլ բան չի մնում, քան լրացնել Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը:
Պատգամավորի համոզմամբ, Թուրքիան փորձում է հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների խնդիրները պայմանավորել Ադրբեջանի հետ Հայաստանի ունեցած հարաբերություններով, ինչը չի կարող նպաստել առանց այդ էլ լարված տարածաշրջանում կառուցողական հարաբերությունների հաստատմանը:
«Այս պարագայում ակնհայտ է, որ հավասարակշռված քաղաքականության ուղուց Հայաստանին դուրս բերելու թուրք-ադրբեջանական փորձերը, չեն հաջողվում ու չեն էլ հաջողվելու»,- ամփոփեց իր խոսքը Ա. Զաքարյանը: