ԻՆՉ Է ԳՐՈՒՄ ՄԱՄՈՒԼՆ ԱՅՍՕՐ
24/11/2012 10:52

ԻՆՉ Է ԳՐՈՒՄ ՄԱՄՈՒԼՆ ԱՅՍՕՐ

«Հրապարակ». Պատգամավորը սուտ խոսելիս խաչակնքվում է
ԲՀԿ ֆրակցիայի նորագիր անդամ, ապարանյան սիմվոլների նկատմամբ հատուկ հակում ունեցող, գլխավոր դատախազի դեմ ճակատամարտի ելած և նախկին ԲՀԿ-ական, այժմ ՕԵԿ-ական Բենզին Ռուբոյին հաղթած Լյովա Խաչատրյանը նախորդ շաբաթ Աժ հայտարարությունների ժամին մեկ էլ, ու շատերի համար անսպասելի, հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ բավականին պաշտպանեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ասելով, որ նա երբեք շրջապատված չի եղել օլիգարխներով, և նրա ժամանակ ընտրատարածքներում այնպիսի խայտառակ կեղծիքներով ընտրություններ տեղի չէին ունենում, ինչպես հիմա է: ԲՀԿ-ում անմիջապես մտածել էին. «Լյովն էլի մի էրկու բաժակ պանդա` վայրի տանձի օղի է գցել»:
«Գցե՞լ էիք»,-«Հրապարակ»-ի թղթակցի հարցին Լյովա Խաչատրյանը խաչ անելով պատասխանել է. «Կլինուս ալլախոմ, նետ, պարզապես ինձնից առաջ ելույթ ունեցողի ասածները դուրս չեկան, դրա համար էդպես ասացի»: Բա խա՞չ ինչու եք անում: «Որ սուտ եմ խոսում, անպայման խաչ եմ անում»,- անկեղծացել է նա:

«Հայկական Ժամանակ». Ռոզա Ծառուկյանը չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի
Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի նախագահի թեկնածու: Այդ մասին Ռոզա Ծառուկյանն ասել է երեկ` պատասխանելով «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին` կցանկանա՞ր արդյոք, որ իր որդին առաջադրվի:
«Ոչ: Եվ խնդրում եմ նման հարցերով ինձ մի ծանրաբեռնեք, քանի որ ես բուժման պրոցեսում եմ, արտերկրում եմ և հենց հիմա էլ բուժման պրոցեսում եմ»,-ասել է Ծառուկյանի մայրը: ԲՀԿ նախագահի առաջադրվել-չառաջադրվելը առաջիկա նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգն է:

 

«Ժողովուրդ». Գյուղնախարարը սպառնացել է լքել ԱԺ դահլիճը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շարունակում է զարմացնել իր «ինքնատիպ» պահվածքով: Երեկ` «Սերմերի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ պատգամավորները նախարարին «տհաճ» հարցեր են տվել, վերջինս սպառնացել է լքել դահլիճը:
Ըստ «Ժողովուրդ»-ի, ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ Աժ գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, վկայակոչելով հարյուրավոր գյուղատնտեսների դժգոհությունները կառավարության հատկացրած ցորենի սերմացուի վերաբերյալ, ասել է, որ սա ոչ թե աջակցություն էր գյուղացուն, այլ` ոմանց համար բիզնես: Ս. Կարապետյանը հակադարձել է, թե սա ոչ թե բիզնես է, այլ`պետական լուրջ ծրագիր: Հետո, տեսնելով որ քննարկման թեման միայն ցորենի չհաջողված սերմացուն է, նախարարը սպառնացել է ցորենի սերմի մասին խոսակցությունը շարունակելու դեպքում այլևս չպատասխանել հարցերին ու հեռանալ Աժ-ից: «Չեք ուզում մասնակցել, Ձեր խնդիրն է, բայց ցորենի հարցն անմիջական կապ ունի այս թեմայի հետ»,-նախարարին «տեղն է դրել» նիստը վարող Մ. Գրիգորյանը:

«Հրապարակ». «Նաիրիտը»` Ծառուկյանի ձեռքում
«Հրապարակ»-ի տեղեկություններով` «Նաիրիտը» ձեռքբերողների թվում է հայտնվել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Թեև, նույն տեղեկությունների համաձայն, «Նաիրիտի» նկատմամբ Ծառուկյանի հետաքրքրությունը նոր չէ, այն դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք է ի հայտ եկել՝ 2006 թվականից։ Սակայն չի հաջողվել, քանի որ առանց Քոչարյանի «ակտիվ միջամտության» նման գործարքները չէին կարող իրագործվել։ Ինչ վերաբերում է ներկա մտադրություններին, ապա Ծառուկյանի գործը բարդ է այն պատճառով, որ ուժեղ մրցակից ունի՝ ռուսական նավթագազային «Իտեռա գրուպը», և իր առաջարկած գինը համեմատաբար ցածր է։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, առայժմ սպասողական տրամադրություններ են, ամեն ինչ կախված է «Իտեռայից». եթե այս ընկերությունը ձեռք չբերի, ապա ցածր գնով այն կփորձի ձեռք բերել Գագիկ Ծառուկյանը։ Այնպես որ, նախագահական ընտրություններին Ծառուկյանի պահվածքը կախված է մի շարք կարևոր հարցերից»,-գրել է թերթը:

«Ժամանակ». Սամվել Բալասանյանը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի արանքում
«Ժամանակ»-ի տեղեկություններով` Գյումրիի նորընտիր ԲՀԿ-ական քաղաքապետ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը չի մասնակցել Կոնյակի գործարանում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ԲՀԿ քաղխորհրդի ու մարզային կառույցների ղեկավարների հանդիպմանը։ Հայտնի է, որ հանդիպման ժամանակ հնչել են սեփական թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելու և Ծառուկյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ հայտարարություններ։
«Թերևս, պարոն Բալասանյանը, ով այժմ Գյումրիում պաշտպանում է ՀՀԿ թեկնածուին, գերադասել է չմասնակցել նման քննարկման։ ՀՀԿ սատարմամբ Գյումրիի քաղաքապետ դարձած Ս. Բալասանյանի համար իրավիճակն ավելի անվերահսկելի կդառնա, եթե ԲՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով։ Այդ դեպքում, եթե Բալասանյանը մնա ԲՀԿ-ում, ստիպված է լինելու պաշտպանել Գ. Ծառուկյանի թեկնածությունը կամ նույնիսկ ԲՀԿ համաձայնության արդյունքում առաջադրված միասնական թեկնածուի, ով կարող է և Ծառուկյանը չլինել։ Չի բացառվում, որ մինչ այդ Բալասանյանը որոշում կայացնի լքել ԲՀԿ շարքերն ու անդամագրվել ՀՀԿ-ին»,-գրել է թերթը։

«Հրապարակ». Աղաղակող փաստեր՝ քաղաքաշինության ոլորտի չարաշահումների վերաբերյալ
Քաղաքաշինության ոլորտի խայտառակ չարաշահումների հետ կապված, «Հրապարակ»-ի տեղեկություններով, առաջիկայում հանրությանը կներկայացվեն աղաղակող փաստեր՝ ավելի լուրջ, քան Հանրային գրադարանի դեպքն էր։
Ըստ թերթի աղբյուրի, ֆինանսների նախարարությունն ավելի քան 14 օբյեկտներում ստուգումներ է իրականացրել և չարաշահումներ, խախտումներ ու թերություններ հայտնաբերել։ Դրանք հիմնականում կրթական և մշակութային օջախներ են։ Հիշեցնենք, որ այս ժամանակահատվածում գերատեսչությունը ղեկավարում էր ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը»:

 


«168 ժամ». Սյունիքի մարզպետը նաև հսկիչ է
«Սյունիքի մարզում «Բարգավաճի» մեծ մասը սատարելու ա Հանրապետականի թեկնածուին` մեր նախագահին: Ուզում եմ դուք էլ հաշվի առնեք, որ հանրապետության նախագահը, ի վերջո, սյունեցի ա»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե` ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավորությունները, եթե նա առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
Իսկ հարցին էլ, թե` «ԲՀԿ-ի կողմից մարզի ակտիվի հետ հանդիպումները կարո՞ղ են փոխել ընտրողների տրամադրությունները», Ս. Խաչատրյանը պատասխանել է. «Ի՞նչ հանդիպում, ի՞նչ տրամադրություն: Իրանց գործն է, դե թող հանդիպեն, դա ի՞նչ ա խանգարում: Համոզված եմ, որ հանրապետական թեկնածուն` ի դեմս մեր նախագահի, բավականին մեծ տարբերությամբ կարող է հաղթել»:
«Այսպիսով, Սուրեն Խաչատրյանը գրեթե ուղղակիորեն հասկացնում է, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից ՀՀԿ-ական Արման Սահակյանին սատարելու նախադեպը կարող է կրկնվել նաև Սյունիքում` նախագահական ընտրությունների ժամանակ: Այս «ուղերձի» ենթատեքստը շատ պարզ է` որքան էլ ԲՀԿ-ն ցուցադրում է իր «հզորությունը», իր 500 հազար ձայները, դրանք տեղերում այլ տնօրինողներ կան: Այսպիսով, Շիրակի ու Սյունիքի մարզում այդ «ստատուս-քվոն» արձանագրվեց: Հետաքրքիր է` ո՞րն է լինելու հաջորդը»,- գրում է թերթը:

«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը հեռուստամարաթոնին գումար չի նվիրաբերել
«Ժողովուրդ»-ը գրել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի օրերս կայացած հեռուստամարաթոնին Գագիկ Ծառուկյանը գումար չի նվիրաբերել,
«Առաջին լրատվական» կայքում «Գագիկ Ծառուկյանը հեռուստամարաթոնին գումար չի նվիրաբերել» հրապարակումից հետո վերջինիս մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը զանգահարեց խմբագրություն և պարզաբանում ներկայացրեց, թե առաջիկայում մասնակցություն լինելու է: Խոսքը վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին: Հիմնադրամից տեղեկացրել էին, թե իրենց ունեցած տեղեկություններով, Գ. Ծառուկյանը ոչ գումար է հանգանակել, ոչ էլ հանգանակելու խոստում է տվել: Մենք ևս մինչև նյութի հրապարակումը փորձել էինք Ի. Տոնոյանից պարզել, թե ինչո՞ւ Գ. Ծառուկյանը նվիրատվություն չի արել: Սակայն նա հարցը լսելուց հետո անջատել էր հեռախոսն ու չէր պատասխանել մեր հեռախոսազանգերին: Չի բացառվում, որ Ի. Տոնոյանը հրապարակումից կամ մեր զանգից հետո կապվել է Գ. Ծառուկյանի հետ, և տեղում որոշել են, որ այնուամենայնիվ, պետք է հիմնադրամին գումար փոխանցեն: Հավանաբար հասկացել են, որ Գ. Ծառուկյանի նման օլիգարխը եթե գումար չնվիրաբերի, դա հայտնի կդառնա և կդառնա քննարկումների ու սուր քննադատությունների առարկա Ի. Տոնոյանը, սակայն, ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե Գ. Ծառուկյանը որքան գումար պետք է փոխանցի: Մնում է պարզել` ԲՀԿ ղեկավարն, ի վերջո, որքա՞ն գումար կնվիրաբերի»,-գրել է «Ժամանակ»-ը:
 

ԻՆՉ Է ԳՐՈՒՄ ՄԱՄՈՒԼՆ ԱՅՍՕՐ