Լ.Ազգալդյանը և իր զինվորներից շատերը արժանի են հերոսի կոչման
24/11/2012 12:40

Լ.Ազգալդյանը և իր զինվորներից շատերը արժանի են հերոսի կոչման

«Լեոնիդ Ազգալդյանը առաջիններից մեկը հասկացավ, որ Արցախի հարցը լոկ մի բուռ Արցախի հարցը չէ, այլ հայկական դատի մի մասը, և նա կանգնեց Արցախի հողի վրա և պնդեց. «Սա Հայաստանն է և վերջ: Ոչ ոք այս հողը աճուրդի դնելու և ուրիշին հանձնելու իրավունք չունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերհիշելով ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հետ անցկացրած տարիները, պատմեց նրա մտերիմ ընկեր Նորիկ Գալստյանը: 

Թե ինչպես 1990թվին ինքը եղել է թիկունքում, երբ ԵՊՀ-ում ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը զենք և պարեն էր մատակարարում Լ.Ազգալդյանի ջոկատին, և ինքը այդ հանձնաժողովի նախագահն էր:

«Նա շատ հեռատես էր, տաղանդավոր բոլոր հարցերում: Ռազմական տեսակետից նա առաջինն էր, հիմք դրեց կանոնավոր բանակին, երիտասարդներին առանց մեկ-երկու, անգամ ավելի ամիս մարզելու դիրքեր չեն հանում: Եվ նրա շնորհիվ էր, որ թուրքաթափվեց Մարտակերտի շրջանում 23 գյուղ: Ցանկացած միջավայրում էլ հեգեմոնի դեր էր կատարում, նաև շատ բարձր մարդկային հատկանիշներ ուներ: Մի անգամ թունդ վիճել էինք, առավոտյան միասին տեղ պետք է գնայինք, մտածում էի, որ չի զանգի, սակայն նա առավոտյան զանգեց, թե ո՞նց ես, ե՞րբ գամ: Պարզվում է, եկել էր մեր բակ ու նոր զանգել: Նա շարժման սկզբում էլ կարծում էր, որ Արցախի հարցը լուծելու համար անհրաժեշտ է դիմել պատերազմի: Եվ երբ շատերը Գորբաչով էին բղավում, նա զբաղցված էր ինքնաշեն զենքերի արտադրությամբ: Նրա շնորհիվ է, որ այսօր կանոնավոր բանակ ունենք»,-ասաց նա:

Նրա խոսքով, Լ. Ազգալդյանը երբեք զինվոր չի փնտրել, բայց և զինվորի պակաս էլ երբեք չի ունեցել:

«Նա զինվոր չէր փնտրում, այլ մագնիսի նման ձգում էր զինվորին, նրա զինվորներից շատերն էլ հերոսներ էին, առյուծի նման ուս-ուսի տված: Լեոնիդը նրանց վերաբերվում էր, ինչպես հայրը իր տղաներին: Նրա զինվորները բոլորը մինչև հիմա պաշտում են Լ. Ազգալդյանին, և նրա գերեզմանը սրբատեղի է դարձել նրանց համար»,-ասաց նա:

Նրա հավաստմամբ, թեև Լեոնիդ Ազգալդյանին ժողովուրդը վաղուց է ազգային հերոսի կոչում տվել, սակայն պաշտոնապես այդ կոչումը չի ստացել: «Լ.Ազգալդյանը և իր զինվորներից շատերը արժանի են հերոսի կոչման: Կարծում եմ, այժմ պետք է շատ-շատերին, այդ թվում նաև մեր ժամանակակից հերոսների ազգային հերոսի կոչում շնորհել»,-ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս, Լ. Ազգալդյանի մարտական ընկեր Գագիկ Գինոսյանի խոսքով, նա Գարեգին Նժդեհից հետո ամենակարգապահ հրամանատարն էր և զինվորը, և ինքը իր նկատմամբ էլ շատ անհողդողդ էր: «Բանակում ծխել, խմել, զենքը անուշադրության մատնելը շատ խստորեն էր պատժում: Մի զինվոր մի անգամ զենքը պահեստում դնելու փոխարեն կողքի էր դրել, և երբ խնդրել էր Լ. Ազգալդյանին մեկ անգամ ներել իրեն, նա ասել էր, որ մեկին ներել, նշանակում է, բոլորին մեկ անգամ ներել, և հեռացրել էր նրան ջոկատից: Նրա դագաղը տանում էին վեց տարբեր կուսակցությունների ղեկավարներ, որովհետև նա ավելի բարձր էր կուսակցություններից»,-ասաց նա:

Գ. Գինոսյանի խոսքով, ՀՀ նախագահի աջակցությամբ տպագրվել է քսան տարի սպասված գիրքը Լեոնիդ Ազգալդյանի մասին, սակայն հերոսներին այնուամենայնիվ բավարար ուշադրություն չի դարձվում:

«Ժամանակը և ժողովուրդն են որոշում հերոսներին, իսկ Լ.Ազգալդյանի հիշատակը վառ պահելը ոչ թե իրեն, այլ սերունդներին: Մենք պետք է ամեն քայլափոխի շարունակենք կերտել մեր սերնդի հայրենասիրական կերպարը, և պարտավոր ենք մեր հերոսների անվամբ ունենալ արձաններ, դպրոցներ, այլ ոչ թե սպասել, որ տարին մեկ մի տեսանյութ գնա նրանց մասին, հաճախ ոչ շատ բարձր որակի»,-ասաց նա: 

Լ.Ազգալդյանը և իր զինվորներից շատերը արժանի են հերոսի կոչման