Հանդիպում` ԼՂՀ Ազգային ժողովում
24/11/2012 16:11

Հանդիպում` ԼՂՀ Ազգային ժողովում

Նոյեմբերի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանի մոտ տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորական խումբ-խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի՝ նախօրյակին աշխատանքային այցով Արցախ ժամանած պատվիրակության հետ։

Պատվիրակությունը բազմակուսակցական է։ Նրա կազմում են Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) և Կարեն Բոթոյանը (ՕԵԿ)։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության ընթացքն ու զարգացման խնդիրները՝ խորհրդարանական դիվանագիտության համատեքստում։

Գոհունակություն հայտնելով հայաստանցի գործընկերների այցի կապակցությամբ, ԱԺ փոխնախագահն այն գնահատեց որպես Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում իրականացվող ուշագրավ ձևաչափով միջոցառում։

Պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանն իր հերթին կարևորեց այդ, ինչպես նաև նախորդ օրը ԼՂՀ նախագահի և ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի անդամների հետ արդեն կայացած հանդիպումների նշանակությունը Եվրոպայի միությունում իր և գործընկերների գործունեության ասպարեզում, առանձնապես, կապված ղարաբաղյան հիմնահարցի և նրան առնչվող խնդիրների հետ։

Հանդիպման մասնակիցները, կարևորելով հայկական երկու խորհրդարանների միջև տարբեր ձևաչափերով նման հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը, հանդես եկան մի շարք տեսակետներով, նկատառումներով և գործնական առաջարկություններով։

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: 

Հանդիպում` ԼՂՀ Ազգային ժողովում