.jpg)
Արցախցիներին անվճար դոմեյն և հոսթինգ կտրամադրվի acx.am տիրույթում
Ստեղծվել է նոր name.acx.am ենթադոմեյն, որով անվճար դոմեյն կհատկացվի բոլոր արցախցիներին:
«Եթե Դուք Արցախի բնակիչ եք, ցանկանում եք զարգացնել Արցախի ինտերնետ բովանդակությունը, ապա ճիշտ տեղում եք գտնվում: Մենք ստեղծվել ենք հենց Ձեզ օգնելու համար: Ամողջությամբ անվճար ծառայություններ Արցախցիների համար, դոմեյնի և հոսթինգի տրամադրում .acx.am տիրույթում, որտեղ դուք կստեղծեք Ձեր բովանդակությունը»,- ասված է Արցախցի.axc.am կայքում:
Գաղափարը ՀՀ դատական դեպարտամենտի լրատվական ծառայության պետ Արսեն Բաբայանինն է: Նրա խոսքով` դա կլուծի Արցախի Հանրապետության ներկայացվածության հարցը համացանցում:
«Արցախի պետական գերատեսչությունների հետ կապված ինֆորմացիա էր պետք, փնտրեցի ինտերնետում, ու ոչինչ չգտա: Այսպիսով, ծնվեց գաղափար` ստեղծել համապատասխան միջավայր ու հնարավորություն, որ արցախցիները հնարավորություն ունենան լրացնել ինտերնետում բովանդակային ներկայացված լինելու հարցը: Անշուշտ, բազմաթիվ են անվճար նման ռեսուրսները, որոնք, բնականաբար, շատ ավելի պրոֆեսիոնալ են, սակայն արցախցիների համար մեկ պետության անունից հանդես գալու հարցը դեռևս չի լուծվել: Եթե Հայաստանը հանդես է գալիս .am տիրույթում, բոլորը գիտեն, որ դա Հայաստանի Հանրապետությունն է, ապա Արցախի դեպքում դա դեռ լուծված չէ»,- Aysor.am-ի թղթակցին հայտնեց Ա. Բաբայանը:
Ա. Բաբայանի հավաստմամբ` այս ծրագիրը չի սահմանափակվի միայն անվճար տարածքներ ու անուններ տրամադրելով: «Հաջորդ տարվանից կլինեն տարբեր խմբերի այցելություններ Արցախի Հանրապետություն, որտեղ ամենատարբեր խմբերի հետ կքննարկվեն ու կուսուցանվեն ինտերնետ բովանդակություն ստեղծելու և տարածելու հմտություններ: Ծրագիրն իրականացնելու համար նախ անհրաժեշտ է վերլուծել ու գտնել այն խնդիրները, որոնք առկա են ու կարող են խոչնդոտել ինտերնետում ներկայացված լինելու հնարավորությանը: Այն մեծ ֆինանսավորում չի պահանջվում: Այսօր .acx.am համակարգը կարող է ապահովել շուրջ 50 անվճար կայքերի սպասարկում: Եթե հաջողվի այսքանը լրացնել, այդ ժամանակ ծրագիրն ավելի կզարգացնենք»,- ասաց նա:
Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, այս ծրագիրը իրատեսական է, սակայն հանրային քննարկումների կարիք կա:
«Գաղափարը իրատեսական է, ամենամեծ խնդիրը տեխնիկական է, եթե ինչ-որ մեկը իր վրա վերցնի դա, կստացվի իրագործել, որովհետև Արցախի պետական սեգմենտը այժմ էլ այդպես է աշխատում, իսկ ոչ պետական սեգմենտը առանձնացելու գաղափարը հետաքրքիր է: Աշխարհում դա ընդունված պրակտիկա է, օրինակ Մեծ Բրիտանիայում կամ Ուկրաինայում բոլորը այդ, Ռուսաստանում ևս նման փորձ է արվել, դա յուրատիպ կոլորիտ է տալիս»,- ասաց նա: