.jpg)
ՀՀ-ում քաղաքական դաշտը չպետք է ձևավորվի բարեկամական սկզբունքներով
«Այն, ինչ տեղի ունեցավ թիվ 1 ընտրատարածքում, շատ բացասական եմ գնահատում, հատկապես պետության և հասարակության շահերի տեսանկյունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով թիվ 1 ընտրատարածքում կայացած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքներին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, թիվ 1 ընտրատարածքում Ստեփան Սաֆարյանի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ Ստեփան Սաֆարյանը քաղաքական մեծ ապագա է ունենալու՝ որպես «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, որպես լավ քաղաքագետ:
«Այդ ընտրատարածքում ընտրություններն այնպես էին կազմակերպվել, որ քաղաքացիները չգիտեին թե ում են ընտրում, այլ ընտրություն էին կատարում, իմանալով, թե այդ անձը ում բարեկամն է»,-ասում է Ա. Մարտիրոսյանը, հավելելով, որ դեմ է, որ ՀՀ-ում քաղաքական դաշտը ձևավորվի ընտանեկան, բարեկամային, կլանային սկզբունքներով:
«Թիվ 1 ընտրատարածքում ընտրությունները տեղի են ունեցել ընտրախախտումների միջոցով և ԱԺ է գնալու մի մարդ, որ մի բառ անգամ չի ասել, անհասկանալի է, թե ում են ընտրել քաղաքացիները»,-ասաց Մարտիրոսյանը:
Իր հերթին, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, թիվ 1 ընտրատարածքում պարտություն կրած թեկնածու Ստեփան Սաֆարյանը նշեց, որ այս ընտրությունները նախագահական ընտրություններից առաջ փորձարկում էր. այս ընտրությունները պետք է մտահոգեն իշխանություններին, քանի որ, ի տարբերություն Ռուբեն Հայրապետյանի ընտրությունների, որի դեպքում գործում էր վերջինիս թաղային ռեսուրսը, այս ընտրությունների պարագայում ցուցումներ են եղել և օգտագործվել է ամբողջ քաղաքապետարանի ռեսուրսները և գրանցվել է այսպիսի ցածր արդյունքներ:
«Այս ընտրություններում նրանք 50 ընտրական շտաբներ են ունեցել, կեր ու խում են կազմակերպել բնակչության համար, օգտագործել են թանկարժեք բիլբորդները»,-ասում է Ս. Սաֆարյանը, ավելացնելով, որ այս ընտրություններում ընտրվում էր ոչ թե իր մրցակիցը թիվ 1 ընտրատարածքում, այլ ընտրվում էր Տարոն Մարգարյանի անունը:
«Չնայած այսքան շատ օգտագործված ռեսուրսների, իշխանությունները չկարողացան ապահովել բարձր արդյունքներ, այլ ընդամենը մի 20% են ապահովել»,-նշեց Սաֆարյանը:
Նա հավելեց, որ դիմելու է Սահմանադրական դատարան, քանի որ իրենք գրանցել են բազմաթիվ խախտումներ, որոնք էականորեն ազդել են ընտրությունների արդյունքների վրա, բացի այդ, մտադիր է դիմել նաև Եվրոպական դատարան: