Արտակ Զաքարյանը հանդիպել է Բելառուսի դեսպանին
05/12/2012 16:13

Արտակ Զաքարյանը հանդիպել է Բելառուսի դեսպանին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի և նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրների` միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարներին: Ըստ Արտակ Զաքարյանի` առաջնային խնդիր է, որ Բելառուսի խորհրդարանական պատվիրակությունը` որպես հավասար գործընկեր, ներգրավված լինի Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում: Այդ առումով աշխատանքներ են կատարվում Եվրանեսթ ԽՎ-ում ստեղծված հատուկ աշխատանքային խմբում:

Կարևորելով եվրոպական ինտեգրացիան` Ստեպան Սուխորենկոն նշել է, որ իրենց ցանկությունն է լինել հավասար գործընկեր:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Բելառուսի խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին և խորհրդարանների միջև կապերի աշխուժացման հնարավորություններին: Կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցությունը խորացնելու համար:
 

Արտակ Զաքարյանը հանդիպել է Բելառուսի դեսպանին