Հայ-վրացական հարաբերություններում կա չօգտագործված պոտենցիալ
05/12/2012 16:26

Հայ-վրացական հարաբերություններում կա չօգտագործված պոտենցիալ

«Սահակաշվիլիի իշխող կուսակցությունը անցել է ընդդիմադիր դաշտ, իսկ ներկայիս վրացական իշխանությունները այս կամ այն ձևով փոխել են իրենց քաղաքական մոտեցումները: Իհարկե, հիմնական արտաքին քաղաքական ուղղությունները մնում են նույնը` Արևմուտք, անդամագրումը ՆԱՏՕ-ին, ինչպես նաև` փոփոխություններ կան ՌԴ-ի հետ հարաբերություններում»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-վրացական հարաբերությունների ներկա փուլին և հետագա զարգացումներին` ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Նա նշեց, որ Վրաստանում իշխանության են եկել նոր քաղաքական ուժեր, դեմքեր և նրանք հայտարարում են արտաքին դաշտում ավելի պոզիտիվ քաղաքականություն վարելու մասին:

«Հայաստանի հետ հարաբերություններում կլինեն որոշակի դրական փոփոխություններ, այդ թվում աբխազական երկաթուղու վերաբացման մասին հայտարարության հետ կապված, ինչը իհարկե ողջունելի քայլ էր վրացիների կողմից»,- ասաց Էրոյանցը:

Նրա խոսքով` հայ-վրացական հարաբերություններում հիմնական խնդիրները առնչվում են հայկական եկեղեցիների, կրթա-մշակութային ոլորտին, վիրահայության, ջավախահայության խնդիրներին` կապված հայապահպանության հետ, բացի այդ, կան նաև Ջավախքից նկատվող արտագաղթը և այլն:

«Հայաստան-Վրաստան հարաբերությունների բարելավման համար դրական ֆոն է ստեղծում նաև Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների բարելավումը, քանի որ մենք լավ հարաբերություններ ունենք թե' Վրաստանի, թե' Ռուսաստանի հետ»,-նշեց վրացագետը:

Բանախոսը ասաց, որ ողջունելի է նաև Վրաստանում Հայաստանի դեսպանության ակտիվությունը` դեսպանը բավականին շատ հանդիպումներ է ունեցել վրացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայ նախարարները հանդիպել են իրենց վրացի գործընկերների հետ, ինչը կարևոր է խնդիրների բարձրաձայնման և պաշտոնյաների քննարկումների առարկա դառնալու տեսանկյունից:

Ա. Էրոյանցը նշեց, որ պետք է ակտիվացնել երկու պետությունների պաշտոնյաների հանդիպումները, ինչը նույնպես հարաբերություններում դրական ֆոն կապահովի:

Վրացագետն ասաց, որ անհրաժեշտ է ակտիվացնել նաև հայ-վրացական տնտեսական հարաբերությունները. հայ գործարարները ներդրումներն են կատարում Վրաստանում, և լավ կլինի, որ զարգացումները այնպես ընթանան, որ Վրաստանի գործարարներն էլ ներդրումներ կատարեն Հայաստանում:

Վրաստանում բավականին ազդեցիկ են թուրքական և ադրբեջանական ընկերությունները. Հայաստանը պետք է ավելի սերտացնի տնտեսական հարաբերությունները Վրաստանի հետ: Պետք է փորձել հավասարակշռել հարաբերությունները, քանի որ ադրբեջանա-վրացական հարաբերությունները այսօր բավականին ակտիվ են:

Հայ-վրացական հարաբերություններում կա չօգտագործված պոտենցիալ