.jpg)
Հայ-հունական հարաբերությունները քաղաքական բարձր մակարդակի վրա են
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:
Ողջունելով դեսպանին` խորհրդարանի նախագահը շնորհավորեց նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ նրա գործունեության շնորհիվ էլ ավելի կամրապնդվեն հայ-հունական երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Նրա խոսքով` Հայաստանի և Հունաստանի միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները կարևոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ հարաբերությունների բազմակողմ զարգացումը և գոհունակությամբ փաստեց, որ Հունաստանի հետ քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
Այս համատեքստում նա բարձր գնահատեց հայ-հունական միջխորհրդարանական համագործակցության խորացումը, փոխայցերը, բարեկամության խմբերի գործունեությունը: ԱԺ նախագահը վերահաստատեց Հունաստանի խորհրդարանի նախագահի Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշեց, որ Հունաստանը և Հայաստանը ավանդական բարեկամ երկրներ են և երկու ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից: Դեսպանը ընդգծեց, որ իր պաշտոնավարության ընթացքում կանի հնարավորը հայ-հունական հարաբերությունները էլ ավելի խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:
Պարոն Տայիսը նույնպես կարևորեց միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը, ինչը, նրա խոսքով, մեծապես կնպաստի միջպետական հարաբերությունների ամրապնդմանը:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: