«Սիրիական հարցը»՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում բախման կետ
05/12/2012 14:29

«Սիրիական հարցը»՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում բախման կետ

«Ռուս-ամերիկյան հարաբերություններում կան մի շարք խնդրահարույց հարցեր, որոնք վերաբերվում են տնտեսությանը, ինչպես նաև Մոսկվայի մոտ դժգոհություն է առաջացնում ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Մաքֆոլի ներգրավվածությունը ՌԴ-ի ներքաղաքական գործընթացներում»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներին և համագործակցության ոլորտներին` ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Նա նշեց, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ունեն բավականին սրված հարաբերություններ և հակադիր դիրքորոշումներ սիրիական հարցում, ինչը կարող է հանդիսանալ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում որպես բախման կետ:

«Պայքարը այս երկու երկրների միջև ազդեցության վերականգնման և ազդեցության պահպանման համար շարունակվելու է»,-ասաց Մարկարովը:

Քաղաքագետի կարծիքով, կան նաև ոլորտներ, որտեղ Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են համագործակցել. դա վերաբերվում է հակաահաբեկչական պայքարին, թմրավաճառքի դեմ պայքարին, Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը և այլ հարցերում:

Պատասխանելով հարցին, թե Հարավային Կովկասի տարածաշրջանում բախվում են արդյոք ՌԴ-ի և ԱՄՆ-ի շահերը, թե դրանք ավելի շատ համագործակցային բնույթ են կրում, բանախոսը պատասխանեց, որ Հարավային Կովկասը մի պահ ի հայտ եկավ որպես մի տարածաշրջան, որը ԱՄՆ-ը  համարում էր ՌԴ-ի շահերի գոտի, սակայն, չնայած դրան, ԱՄՆ-ը որպես գլոբալ ուժ պահպանում է իր ազդեցությունը և ուշադրության կենտրոնում է պահում Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումները:

Անդրադառնալով Բարաք Օբամայի վերընտրությանը և այդ համատեքստում Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում սպասվող նոր ընթացքին՝ Մարկարովը նշեց, որ «եթե համեմատելու լինենք նախագահական ընտրություններում 2 թեկնածուներին` Օբամային և հանրապետական Ռոմնիին, ապա Ռոմնին համարվում էր ՌԴ-ի համար անընդունելու տարբերակ` Օբամայի համեմատությամբ»:

«Օբաման ՌԴ-ի համար ավելի հայտնի է եղել և կանխատեսելի, այն դեպքում, երբ Ռոմնին հայտարարել է, որ ՌԴ-ն ԱՄՆ-ի համար թշնամի է և աշխարհաքաղաքական մրցակից, իսկ Օբաման ավելի կառուցողական դիրքորոշման կողմնակից է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների տեսանկյունից»,-հավելեց քաղաքագետը:
 

«Սիրիական հարցը»՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում բախման կետ