.jpg)
Կարծիք. Խեղճերին են բռնել, թող պատվիրատուներին էլ բռնեին
Արդեն մի քանի տարի է` Գառնու «Քարերի սիմֆոնիան» հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. Քարերը կոտրում-հանում են, տուն են կառուցում և այլն: Նման անդրադարձ եղավ նաև օրերես, երբ բնապահպանները Գառնու ձորով անցնելուց նկատել էին քարերը կտրողներին և նկարահանել, ոստիկանությունն էլ գործ էր հարուցել:
«Քարերի մոտ ամեն մեկն իր տարածքն ունի, գալիս` հանում տանում են: Գիտենք, որ արգելված է, բայց դե տանում են: Ասում են` մի քանի հոգու բռնել են, բայց հաստատ գիտեմ, որ բոլորն էլ տեղյակ էին. մի տարի չի, քանի տարի է` կտրում են էդ քարերը. Գյուղապետն էլ էր տեղյակ, ոստիկանությունում էլ գիտեին: Մեր գյուղում մի քանի տուն կա սարքած դրանցով»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գառնու բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Գյուղից մի կին պատմեց, որ «Քարերի սիմֆոնիայով» գյուղում 8-10 տուն կա, թե’ սալահատակ են կառուցել, թե’ տները. Հիմնականում ճոխ շենքեր են, անգամ խանութների դիմաց Սիմֆոնիայից կտրված քարերով են կառուցապատել:
«Խեղճ մարդկանց են բռնել, էնքան դժվար ա էդ քարերը կտրելը… ասում են` բոլորի ձեռքերը քրքրված են կտրելուց, էս երկրի հանքերը, հարստությունը թալանում են, մեկին չեն բռնում, էդ խեղճերին բռնեցին, դե թող պատվիրատուներին էլ բռնեին. Դրանք մենակ հացի փող են աշխատում` քար կտրելով»,- ասաց կինը:
Aysor.am-ի հետ զրույցում բնապահպան Սամվել Հովհաննիսյանը, ում նկարահանած կադրերի հիման վրա ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվել, նշեց, որ «Քարերի սիմֆոնիայից» ոչ հեռու պահակ կա ոստիկանական հագուստով, ում պարտականությունը ջրի խողովակները հսկելն է. «Բայց ինքը քարերի հետ գործ չի ունենում, ինքը տեսնում է, թե քարերը ոնց են կտրում, բայց ձայն չի հանում, նման պարտականություններ չունի»:
Հովհաննիսյանը նաև փոխանցեց, որ կտրած քարերը հանում են գյուղի սահմանի մոտ գտնվող գիտնականների բազայի մոտով կամ ինչպես տեղացիներն են անվանում` Խամերով:
Ս. Հովհաննիսյանը նաև փոխանցեց, որ Գառնու գյուղապետը տեղյակ է և «ներքին կարգով ասել է, որ ինքը չի կարողանում դրանց դեմն առնել, վերևներից են հրահանգ տալիս»:
Հիշեցնենք, որ բնապահպանների աղմուկից հետո ոստիկանությունը գործի էր անցել. նոյեմբերի 29-ին ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Գառնիի համայնքի ղեկավարը, որից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քար կտրող անձինք Գառնի գյուղի բնակիչներ, 1989 թ. ծնված Ֆելիքս Մ.-ն, 1981 թ. ծնված Սևակ Հ.-ն և 1981 թ. ծնված Ջիվան Դ.-ն են, ովքեր նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկվել ոստիկանության Գառնիի բաժանմունք և խոստովանել, որ ս/թ հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, մոտ 6-7 անգամ, Ջիվան Դ.-ին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Գառնիի ձորի ժայռի բազալտե սյուներից տարիների ընթացքում պոկված ու գետնին թափված բազալտե հարթ սալիկները տեղափոխել են նրա պապի գերեզմանատեղն ու պարիսպ կառուցել: Կատարվում է հետաքննություն:
Երկրաբան Հայկ Մելիք-Ադամյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում «Քարերի սիմֆոնիաներ» շատ կան, որոնց պահպանությունը խիստ կարևոր է, նա առաջարկում է Ազատ գետի հովիտը դարձնել երկրաբանական արգելավայր. «Գառնու «Քարերի սիմֆոնիան» առաջացել է հավասարաչափ սառչելու հետևանքով, վեցանիստ է, նման հուշարձանը պահպանել է պետք, ոչ թե բարբարոսաբար ջարդուփշուր անել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ առաջարկություն կար` Գառնու «Քարերի սիմֆոնիան» ընդգրկել Խորսովի արգելոցի տարածքում` հսկողությունը խստացնելու համար. այժմ հարցը քննարկման փուլում է: