.jpg)
Ադրբեջանը փորձում է Ռուսաստանին դուրս մղել սեփական տարածքից
«Գաբալայի խնդիրը կապված է ռադիոտեղորոշիչ կայանի գների բարձրացման հետ: Ադրբեջանը ժամանակից շուտ ավելի քան 20 անգամ բարձրացնում է վարձակալության գինը, և Ռուսաստանի համար նման գնով աշխատելը այդ կայանում ձեռնտու չէ»,-Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հետ կապված խնդիրը Ռուսաստանի հետ կլուծվի մինչև տարեվերջ, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նշեց, որ ռուսական Արմավիրում կառուցվող նոր տեղորոշիչ կայանը կարող է փակել այն տարածքները, որոնք այսօր փակում է Գաբալայի կայանը:
«Ակնհայտ է, որ այստեղ կա աշխարհաքաղաքական մրցակցություն`թանկացնելով գինը ադրբեջանական իշխանությունները փորձել են դուրս հրավիրել Ռուսաստանին Ադրբեջանից, տարածաշրջանից`ռազմական առումով, ինչը իհարկե լուրջ լարվածություն է առաջացրել 2 երկրների հարաբերություններում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը փորձում է ակտիվացնել ռազմական համագործակցությունը Արևմուտքի հետ»,- ասաց քաղաքագետը:
Հ. Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ակնհայտ է՝ Մոսկվան չի վճարելու ադրբեջանական կողմի առաջարկած գինը, և եթե Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսում է փոխզիջումների մասին, ապա կարելի է ենթադրել, որ պաշտոնական Բաքուն ցանկանում է հրաժարվել նախկին դիրքորոշումից և վերականգնել համագործակցությունը Ռուսաաստանի հետ:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ռադիոտեղերոշիչ կայանի կառուցումը Հայաստանի տարածքում բանախոսը պատասխանեց, որ ինքը կարծում է, որ կապված Հայաստանի աշխարհագրական դիրքի և Ռուսաստանի ռազմական առաջնահերթությունների հետ՝ այս պահին նման պահանջ գոյություն չունի:
Քաղաքագետը հավելեց, որ ՌԴ Արմավիր քաղաքում կառուցվող կայանը բավականին օպտիմալ տարբերակ է ռուսների համար, իրենց առջև դրված խնդիրները լուծելու հարցում: