.jpg)
Նալբանդյան. Ադրբեջանը վտանգ է տարածաշրջանի անվտանգության համար
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Դուբլինում ընթացող ԵԱՀԿ նախարարական խորհրդի 19-րդ հանդիպմանը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Պարո՛ն նախագահող,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել գործող նախագահ, Էեմոն Գիլմորին և նրա անձնակազմին տարվա ընթացքում Կազմակերպության գործունեությանը նշանակալի ներդրում բերելու համար, ինչպես նաև գովասանքի խոսք հղել Իռլանդիայի կառավարությանը՝ ջերմ ընդունելության և այս նախարարական հանդիպումը գերազանց կազմակերպելու համար:
Իռլանդական նախագահության ջանքերի և շատ պատվիրակությունների կառուցողական դիրքորոշման շնորհիվ մի շարք կարևոր նախաձեռնություններ են ներկայացվել:
Ես հատկապես կցանկանայի նշել Իռլանդական նախագահության «Հելսինկի +40» առաջարկը, որը նպատակաուղղված է կյանքի կոչելու Աստանայի հռչակագրում ուրվագծված ազատ, ժողովրդավարական, ընդհանուր և անբաժանելի անվտանգության համայնքի տեսլականը։
Պարո՛ն նախագահող,
Մեր համագործակցության ռազմաքաղաքական անվտանգության հարթությունում վստահությունը և անվտանգության կառուցման միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև սպառազինությունների վերահսկումը ԵԱՀԿ-ի համար մնում են առանցքային առաջնահերթություններ: Մենք ողջունում ենք «Խոշոր ռազմական գործողությունների վերաբերյալ կանխավ տեղեկացման մասին Վիեննայի փաստաթղթի» առաջարկությունը, և ընդգծում ենք այս փաստաթղթի հետագա արդիականացման կարևորությունը: Կազմակերպությունը դեռևս լուրջ աշխատանք ունի կատարելու ռազմական գործունեության թափանցիկության և կանխատեսելիության մեծացման ոլորտում:
Մենք ողջունում ենք իռլանդական նախագահության առաջնահերթությունը «Արդյունավետ կառավարում» ոլորտում։ Դա նաև մեր առաջնահերթությունն է, և Հայաստանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցելով, իրականացնում է մի ծրագիր, որը նպատակաուղղված է արդյունավետ տնտեսական կառավարման խթանմանը՝ արագ կարգավորման պարզեցման մեխանիզմի միջոցով, որը հայտնի է նաև «կարգավորիչ գիլյոտին» անվամբ: Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված այլ միջոցառումների հետ միասին այն դրական ազդեցություն է ունեցել. Համաշխարհային բանկի «Doing Business» ցուցանիշի համաձայն Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը` բարձրանալով 50-րդ տեղից 32-րդը:
Պարո՛ն Նախագահող,
Հայաստանի կառավարությունը բարեփոխումների ծավալուն փաթեթ է իրականացնում՝ առավել կոնսոլիդացնելու ժողովրդավարական կառույցներն, ամրապնդելու օրենքի գերակայությունը, պաշտպանելու և զարգացնելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, բարելավելու ընտրական գործընթացները և համապատասխան օրենսդրությունը, ամրապնդելու անկախ դատական համակարգը և ընդլայնելու քաղաքացիական հասարակության դերը:
2012թ. մայիսի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները գնահատվել են ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից որպես ԵԱՀԿ առջև ստաննձնած պարտավորություններին և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային չափանիշներին համապատասխանող: Հայաստանը շարունակում է համագործակցել ԺՄԻԳ-ի հետ իրականացնելու ընտրությունների դիտորդական առաքելության առաջարկությունները: Մենք վճռական ենք տրամադրված ամրապնդելու այս ձեռքբերումը և անցկացնելու 2013թ. նախագահական ընտրությունները ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխան:
Պարո՛ն նախագահող,
Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի ավելացումը մեր կազմակերպության օրակարգի կարևոր տարրերից է:
Մարդու իրավունքների ոլորտի բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ահազանգեցին Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի, անհանդուրժողականության և մարդու իրավունքների ոտնահարման սահմռկեցուցիչ դեպքերի մասին, ահազանգեցին հայերի դեմ ատելության քաղաքականության վերաբերյալ:
Ադրբեջանը ոչ միայն անտեսում է միջազգային հանրության սպասելիքները, այլ նաև անընդմեջ նորանոր քայլեր է կատարում քաղաքակիրթ աշխարհի արժեքների դեմ: Վերջին նման դեպքը Ադրբեջանի կառավարության կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումն է, որը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրի ժամանակ կացնահարել էր քնած հայ սպային վերջինիս՝ պարզապես հայ լինելու պատճառով: Ադրբեջանի ղեկավարությունը նրան դարձրեց ազգային հպարտության խորհրդանիշ և երիտասարդության համար ընդօրինակման առարկա: Աշխարհի արձագանքը միաձայն էր և շատ հստակ` քննադատելով Բաքվի արարքը, որը լրջորեն վնասեց Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին և վտանգեց տարածաշրջանային փխրուն անվտանգությունն ու կայունությունը:
Ադրբեջանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար՝ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ ուժ գործադրելու իր մշտական սպառնալիքներով, որոնք զուգորդվում են այդ երկրի ղեկավարության ամենօրյա ռազմատենչ հայտարարություններով, մերժելով զինադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկները, շարունակաբար սադրանքներ կազմակերպելով ու հրադադարի խախտումներով, հայկական պատմական ու մշակութային արժեքների հանդեպ անդադար բարբարոսություններ իրականացնելով:
Ադրբեջանը հայտնի է սեփական երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներով, և այժմ փորձում է տարածել այս վարքը ուրիշների վրա։ Նրա մոտեցումն այն է, որ՝ եթե մի պետություն ճանաչված չէ, ապա նրա քաղաքացիներն ու այնտեղ ապրող մարդիկ պետք է զրկվեն մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից։ Ըստ այդ տրամաբանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը չպետք է իրականացնի ազատ տեղաշարժվելու իր իրավունքը, չպետք է ստանա բուժում, կրթություն, խմելու ջուր օգտագործել և նույնիսկ ծնունդ պարգևել։
Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս տարվա հունիսին Լոս Կաբոսում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի կողմից ընդունված վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահ երկրների ղեկավարների արդեն չորրորդ հայտարարություն է: Ակնհայտ է, թե ում են հասցեագրված այդ ուղերձները: Հայաստանը եռանախագահ երկրների հետ միասնական է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու առումով: Ինչպես և եռանախագահ երկրները, մենք բազմիցս կոչ ենք արել հարգել 1994թ. մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը և զերծ մնալ թշնամություն սերմանող և լարվածությունը սրող թշնամական հռետորաբանությունից:
Ինչպես և Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, մենք ևս ափսոսում ենք, որ չնայած Դովիլի՝ 2011թ. մայիսի հայտարարության մեջ հնչած կոչին` Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով չհաջողվեց առաջընթաց արձանագրել նույն տարվա հունիսին Կազանում կայացած գագաթնաժողովում:
Պարո՛ն նախագահ,
Մինչ Հայաստանը բարձր է գնահատում այն ջանքերը, որոնք գործադրվում են երեք համանախագահների կողմից խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու, խաղաղությունը պահպանելու համար, մենք ականատես ենք լինում, Ադրբեջանը շարունակական արշավին՝ ընդդեմ Մինսկի խմբի համանախագահների, որոնք լիազորված են ԵԱՀԿ բոլոր 57 երկրների կողմից հանդես գալու որպես միակ բանակցային ձևաչափ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանի պաշտոնյաները փորձում են բանակցային գործընթացը դուրս բերել գործող ձևաչափից, փոխարինել միջնորդներին, վատաբանել բանակցությունների միջոցով լուծում գտնելու համանախագահների ջանքերը: Ադրբեջանական կողմը նաև շարունակաբար վարկաբեկում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, չնայած նրա և նրա անձնակազմի ջանքերին՝ ուղղված տեղում իրավիճակի սրման կանխարգելմանը:
Ադրբեջանի համար արդեն սովորական է դարձել հետ կանգնել անգամ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից: Չնայած, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ համաձայնությանը, Ադրբեջանն ամեն ինչ արեց, կանխարգելելու մեխանիզմ ստեղծումը՝ անգամ սպառնալով կիրառել վետո` ընդհանուր ԵԱՀԿ-ի բյուջեի նկատմամբ:
Այս դեպքը կրկնվեց վերստին այս տարի հունվարին տեղի ունեցած Սոչիի գագաթնաժողովից հետո։ Չնայած ձեռք բերված պայմանվորվածությանը` արագացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը, Ադրբեջանն իր աառավելապաշտական մոտեցումներով միակողմանի առավելություն է փնտրում բանակցային գործընթացում և անում է հնարավորինը անտեսելու, նույնիսկ մերժելու այդ պայմանավորվածությունը:
Անկախ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումից՝ Հայաստանը շարունակելու է իր ջանքերն ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ արտացոլված նպատակների, սկզբունքների և նորմերի, Լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս Կաբոսում՝ համանախագահ երեք երկրների ղեկավարների արած հայտարարությունների դրույթների վրա։
Պարո՛ն նախագահ,
Եզրափակելով խոսքս, կցանկանայի շնորհավորել Մոնղոլիային ԵԱՀԿ-ին անդամակցելու առթիվ և նշել, որ Հայաստանն իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի նախագահությանը՝ իր օրակարգի իրականացման հարցում:
Շնորհակալություն»: