Վաղը Նարեկացի արվեստի միությունում  կներկայացվի «Գրողուցավ» կայքը
07/12/2012 19:24

Վաղը Նարեկացի արվեստի միությունում կներկայացվի «Գրողուցավ» կայքը

Վաղը Նարեկացի արվեստի միության սրահում տեղի կունենա հանդիպում «Գրողուցավ» կայքի հիմնադիրների և հեղինակների հետ, ինչպես նաև կշնորհվեն մրցանակներ կայքի կողմից հայտարաված պատմվածքի մրցույթի հաղթողներին: Այս մասին հայտնում է Նարեկացի արվեստի միության մամուլի ծառայությունը:

«Գրողուցավ» կայքը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարել էր հասարակական, քաղաքական, մշակութային հրատապ խնդիրներ արծարծող պատմվածքների մրցույթ: Մրցույթին մասնակցել է 55 պատմվածք:

Ներկայացված պատմվածքներից շատերը արծարծում էին այնպիսի հրատապ խնդիրներ, ինչպիսիք են՝ նույնասեռականների խնդիրները, սոցիալական անարդարությունը և արտագաղթը, ապօրինի շինարարությունն ու բնապահպանական խնդիրները, ընտարկեղծիքներն ու քաղաքական հետապնդումները:

Մրցույթի հաղթողներին որոշեց մասնագիտական ժյուրին, որի կազմում ընդգրկված էին Արա Նեդոլյանը (թատերագետ, գրող), Վարդան Ջալոյանը (արվեստաբան, գրող), Լիզա Ճաղարյանը (գրող, հրապարակախոս), Գայանե Առուստամյանը (լրագրող, գրող) և Արփի Ոսկանյանը (գրող, արվեստաբան):

Հանդիպման ընթացքում կներկայացվի կայքը, կընթերցվեն կայքում հրապարակված մի շարք ստեղծագործություններ, կքննարկվեն ապագա ծրագրերը:

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլնտրանքային միջոցներով` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ծրագիրը համատեղ իրականացնում են «Ինտերնյուս Նեթուորքը», Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն:

Վաղը Նարեկացի արվեստի միությունում կներկայացվի «Գրողուցավ» կայքը